Ուկրաինայի պետական պարտքը փետրվարից ի վեր 45 տոկոսով ավելացել Է
Ուկրաինայի պետական պարտքի ծավալը գրիվնայի համարժեքով ավելացել Է 45 տոկոսով և, ընդհանուր առմամբ, մոտենում Է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 80 տոկոսին, հայտնել Է Գերագույն ռադայի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Ժելեզնյակի խոսքով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ երկրի պետական պարտքը կազմել Է 93,5 միլիարդ դոլար: Փետրվարից պարտքը գրիվնայի համարժեքով «ավելացել Է 45 տոկոսով (ներքինը՝ 23 տոկոսով, արտաքինը՝ 63 տոկոսով): Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքի ծավալը մոտենում Է ՀՆԱ-ի 80 տոկոսին», - գրել Է պատգամավորն իր Telegram-ալիքում:
Ավելի վաղ Գերագույն ռադայի ֆինանսների, հարկային և մաքսային քաղականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դանիիլ Հետմանցևը ներկայացրել Էր տվյալներ, որ ընթացիկ տարվա վերջին պարտքի բեռն սպասվում Է ՀՆԱ-ի 90 տոկոսի, իսկ հաջորդ տարի՝ ՀՆԱ-ի մինչև 100 տոկոսի մակարդակում: Ըստ Ուկրաինայի կառավարության վերջին կանխատեսման՝ ՀՆԱ-ն 2022 թվականին կհասնի 4,73 տրիլիոն գրիվնայի (128,59 միլիարդ դոլարի):
Գերագույն ռադայի բյուջեի հարցերով հանձնաժողովում հայտնել են, որ ըստ 2023 թվականի պետական բյուջեի նախագծի՝ պետական պարտքի վերջնական ծավալն ավելացվել Է մինչև 6,42 տրիլիոն գրիվնա (ավելի քան 172,7 միլիարդ դոլար), ինչը կազմում Է ՀՆԱ-ի՝ հաջորդ տարվա համար կանխատեսվող մակարդակի 102,3 տոկոսը՝ ավելի քան 6,27 տրիլիոն գրիվնա (շուրջ 169 միլիարդ դոլար): Ինչպես հայտարարել Է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն, այս տարի Ուկրաինայի բյուջեի եկամտային մասը միայն մեկ երրորդով Է կազմված սեփական աղբյուրներից, մնացած երկու երրորդը ձևավորվել է արտասահմանյան դրամաշնորհների և վարկերի հաշվին:
Կարծիքներ