Մինսկում վերջին օրերին մոտ 300 մարդ է ձերբակալվել
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ոստիկանները մոտ 20 մարդու են ձերբակալել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Բելառուսում իշխանությունների կողմից չգրացնված «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը:
Մինչ այդ Մինսկի Անկախության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, որտեղ նաև երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է տեղակայված, հուլիսի 15-ի երեկոյան բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ցանկություն ունենալով անձամբ դիմումներ ներկայացնել ԿԸՀ՝ ընդդեմ «Բելգազպրոմ»-ի նախկին ղեկավար Վիկտոր Բաբարիկոյին և Վալերի Ցեպկալոյին նախագահի թեկնածու չգրանցելու:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի ավարտից՝ երեկոյան 19:00-ից հետո ոստիկանությունը հորդորել է հավաքվածներին ցրվել և չխախտել հասարակական կարգը, որից հետո 19 անձ ձերբակալվել է, համենայն դեպս այդքան ազգանուն է նշված իրավապաշտպան կենտրոնի հրապարակած ցանկում: Ընդ որում, ձերբակալվածներից մեկն ԱՄՆ քաղաքացի է:
Իսկ հուլիսի 14-ի երեկոյան Մինսկում կայացած բողոքի չթույլատրված ակցիայի ժամանակ, նույն իրավապաշտպան կենտրոնի տվյալների համաձայն, առնվազն 280 մարդ է ձերբակալվել: Ավելի վաղ ձերբակալված անձանցից 10-ը վարչական կալանքի է դատապարտվել՝ 10-15 շաբաթ ժամկետով:
Բելառուսում նախագահական ընտրությունների քարոզարշավ է ընթանում: Երկրի ԿԸՀ-ն 5 թեկնածուի է գրանցել՝ որպես թեկնածու, որոնցից մեկը գործող նախագահ, արդեն 6-րդ անգամ առաջադրվող Ալեքսանդր Լուկաշենկոն է: Քարոզարշավն ուղեկցվում է բողոքի ակցիաների մասնակիցների և ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների ձերբակալություններով: Քվեարկությունը կկայան օգոստոսի 9-ին:
Կարծիքներ