Մայր Աթոռում շքանշանի հանձնման արարողություն է տեղի ունեցել

Մայր Աթոռում շքանշանի հանձնման արարողություն է տեղի ունեցել

Հունիսի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանի հանձնման հանդիսավոր արարողություն: Հայրենիքին, արցախահայությանը մատուցած ծառայությունների, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար Նորին Սրբությունը, Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի միջնորդությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհեց Արցախի Հանրապետության նախագահի՝ հատուկ հանձնարարություններով գլխավոր խորհրդական տիար Ռուդիկ Հյուսնունցին։

Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, ապա միջոցառման մասնակիցներին ողջունեց Մայր Աթոռի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Պարույր ավագ քահանա Ավետիսյանը՝ հրավիրելով Արցախի թեմի առաջնորդին ընթերցելու տիար Ռուդիկ Հյուսնունցին ուղղված Հայրապետական սրբատառ կոնդակը, որում մասնավորաբար նշված էր.

«Մեծարգո պրն. Հյուսնունց, Արցախյան շարժման առաջին տարիներից ի վեր Դուք տարբեր հանձնառություններով բարի ավանդ եք բերում Արցախի առաջընթացին ու բարգավաճմանը՝ հետպատերազմական այս ծանր ժամանակաշրջանում աննվազ նախանձախնդրությամբ շարունակելով ջանքերը ի նպաստ առկա դժվարությունների հաղթահարման և Արցախում բնակյալ Մեր զավակների անվտանգ ու ապահով կյանքի: Գոհունակություն է Մեզ համար անդրադառնալ, որ մեր Սուրբ Եկեղեցին Արցախում իր առաքելության իրականացման գործում ունի Ձեր հետևողական աջակցությունն ու զօրակցությունը:

Դուք Արցախի Թեմի վերաբացման ակունքներում եք և նախընթաց ավելի քան երեք տասնամյակների ընթացքին գովարժան ջանքեր եք ներդրել ի նպաստ արցախահայության հոգևոր կյանքի կազմակերպման: Հատկապես գնահատարժան է Ձեր ավանդը Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու վերանորոգության և վերաբացման գործում, որի նովիրական կամարների ներքո Քրիստոսասեր մեր ժողովուրդը ճաշակում է Տիրոջ կենարար Մարմինն ու Արյունը և շնորհընկալը դառնում սուրբ խորանից բաշխվող օրհնության: 

Մենք փառք ենք մատուցում Ամենախնամ Բարձրյալին, որ հավատաւոր Մեր զավակները շարունակում են իրենց եկեղեցանվեր  իրագործումներով առավել զորացնել ու պայծառացնել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին»։ Կոնդակի ընթերցումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայ Եկեղեցու բարձրագույն շքանշանով զարդարեց մեծարյալի կուրծքը` վերստին բերելով նրան Հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները:

Պարգևաբաշխության առիթով իր սրտի խոսքն ասաց նաև շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին: Միջոցառումն ամփոփվեց Նորին Սրբության օրհնության խոսքով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում