Ադրբեջանում կեղծ էջերի ցանցը կրկին ակտիվացել է.The Guardian

Ադրբեջանում կեղծ էջերի ցանցը կրկին ակտիվացել է.The Guardian

Բրիտանական The Guardian-ն անդրադարձել է Ադրբեջանի ղեկավարության աջակցությամբ գործող կեղծ օգտահաշիվների գործունեությանը, որոնց թիրախում են հայտնվում անկախ լրատվական գործակալություններն ու ընդդիմադիր գործիչները։

Թերթն ընդգծել է, որ Facebook-ի կողմից Ադրբեջանում «թրոլների ցանցի» արգելափակումից 6 ամիս անց կեղծ հաշիվները կրկին գործի են անցել։

Facebook-ը 2020 թ. հոկտեմբերին «համակարգված ոչ արժանահավատ պահվածքի» համար իշխող «Ենի Ազրբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցության հետ կապ ունեցող 8 հազար ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվ էր հեռացրել, սակայն The Guardian-ի վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ Ադրբեջանում «թրոլների» գործունեությունը վերականգնվել է:

Կեղծ հաշիվների թիրախում են հայտնվում «Azadlıq» թերթի, «Mikroskop Media», «Azad Söz», «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, ինչպես նաև ընդդիմության քաղաքական գործիչների էջերը։  

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլիի դիտարկմամբ՝ իշխող վարչակարգը շուրջ 10 հազարանոց «թրոլների» բանակ ունի, որոնք գործունեություն են ծավալում «Ենի Ազրբայջան» կուսակցության երիտթևում, ՆԳՆ-ում և պետության կողմից ֆինանսավորվող ՀԿ-ներում։

Որպես օրինակ The Guardian-ը բերել է Facebook-ում անկախ լրատվամիջոցներից մեկի հոդվածը, որի տակ թողած 301 մեկնաբանությունից 294-ը եղելենէ կեղծ էջերից: 

Ըստ թերթի՝ «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում» 180 երկրների շարքում 168-րդ տեղը զբաղեցրած Ադրբեջանն այդպիսով հնարավորություն ունի ազատ արտահայտման միակ հարթակ հանդիսացող Facebook-ում փակել քննարկումներն ու տպավորություն ստեղծել, թե քաղաքացիներն աջակցում են իշխանությանը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում