Մահափորձի ենթարկված Սլովակիայի վարչապետը դուրս է գրվել հիվանդանոցից
Մայիսի կեսերին տեղի ունեցած մահափորձից հետո հիվանդանոցում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դուրս են գրել։ Նա Բանսկա Բիստրիցա քաղաքի հիվանդանոցից տեղափոխվել է Բրատիսլավայի իր տուն՝ հետագա ապաքինման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը գրում է, որ այս մասին մայիսի 31-ին հաղորդել է բուժհաստատության ղեկավարությունը՝ հաստատելով ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը։
Բանսկա Բիստրիցայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիամ Լապունիկովան հայտնել է, որ Ֆիցոյին տուն, այլ ոչ թե ուրիշ բուժհաստատություն տեղափոխելը կատարվել է նրա պահանջով։ Կառավարության ղեկավարը ցանկացել է դուրս գրվել հիվանդանոցից և բուժումը շարունակել տնային պայմաններում, հենց առողջական վիճակը թույլ տա։ Լապունիկովայի խոսքով՝ ապաքինման գործընթացը հաջողությամբ է ընթանում։
Սլովակիայի վարչապետի վրա հարձակումը տեղի է ունեցել մայիսի 15-ին, երկրի կենտրոնական մասում գտնվող Հանդլովա քաղաքում։ Վկայակոչելով ականատեսներին՝ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոբերտ Ֆիցոն կառավարության արտագնա նիստից հետո մոտեցել է տեղի բնակիչներին, և այդ պահին կրակոցներ են հնչել: Քաղաքական գործիչը վիրավորվել էր որովայնից, ձեռքից և ոտքից։ Նախարարների կաբինետի ղեկավարին ուղղաթիռով տեղափոխել են Բանսկա Բիստրիցա քաղաք։ Հաջորդ օրերին Ֆիցոն մի քանի վիրահատությունների է ենթարկվել:
71-ամյա կասկածյալը ձերբակալվել է։
Կարծիքներ