Գաղտնալսման գործով հարուցված քրեական գործերից մեկը կարճվել է, մյուսով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի (հեռախոսազրույցների պահին զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը) միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության վերաբերյալ: Ներկայացնում է ՀՀ քննչական կոմիտեի պատասխանը՝ նշված քրեական գործերի վերաբերյալ:
-Վարչապետ Փաշինյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործերից մեկով Փաշինյանը ունի վկայի, իսկ մյուս գործով տուժողի կարգավիճակ․այս պահին ի՞նչ փուլում են նշված քրեական գործերը:
-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունները ապօրինի ձայնագրառելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով 3-ն էլ ճանաչվել են որպես տուժող և հարցաքննվել:
Ինչ վերաբերում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին զանգվածային լրատվության միջոցներով «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող տվյալների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հարուցված քրեական գործին, ապա 2020թ. փետրվարի 4-ին հիշյալ քրեական գործով վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով՝ հանցակազմի բացակայություն, կարճվել է:
Կարծիքներ