ՆԳՆ ոստիկանությունից մեկնաբանել են դպրոցականների առևանգման մասին շարունակվող ահազանգերը
«ՆԳՆ ոստիկանությունում նման բովանդակությամբ ո՛չ ահազանգ է եղել, ո՛չ էլ ձերբակալված կա»:
Այս մասին՝ մեկնաբանելով դպրոցներից երեխաների առևանգման մասին համացանցում շարունակվող ահազանգերը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ հավելելով, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Նշենք՝ Նաիրի Հոխիկյանն է «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել, որ «երեխաների որսի մասշտաբները մեծանում են»:
Ըստ նրա՝ Հայաստանի տարբեր վայրերում փորձեր են կատարվում երեխաներին դպրոցներից ու մանկապարտեզներից առևանգել։ Այդպիսի փորձ կանխվել է Երևանում, երկու օր առաջ էլ, Հոխիկյանի պնդմամբ, նման առևանգման փորձ եղել է Տավուշի մարզի Կիրանց գյուղում, որը կրկին կանխվել է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 25-ին Մազմանյան փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Շրջանային փողոցում փորձել է առևանգել երկու անչափահասի։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում տղամարդը հայտնաբերվել, կալանավորվել և կազմված փաստաթղթերով ներկայացվել է քննչական բաժին:
Կարծիքներ