Հայաստանը որեւէ մեկին որեւէ խոստում չի տվել. Նիկոլ Փաշինյան
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Թուրքայի նախագահի հայտարարությանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի մասին, Փաշինյանն ասաց.
«Ես ինչքան կարդացել եմ Թուրքիայի նախագահի հայտարարությունը, այնտեղ խոսվում է հետևյալի մասին, այնտեղ խոսվում է Հայաստանի խոստման մասին: Արձանագրենք, որ Հայաստանը որևէ մեկին որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որը օգտագործում են Թուրքիան և Ադրբեջանը: Այստեղ մի նրբություն կա, շատ է կարևորվում, թե այդ տերմինաբանությունը ոնց ենք մենք ընկալում, որովհետև մենք՝ ՀՀ-ում, նաև՝ հանրությունը, լայնորեն, այդ տերմինաբանությունը ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ և արտատարածքային միջանցքի պահանջ»,- ասաց վարչապետը:
Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ իրենք նման տերմինաբանությամբ և եզրաբանությամբ որևէ խոստում որևէ մեկին չեն տվել:
«Ես գիտեմ, որ երբ խոսակցություններ են գնում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ասվում է, որ այդ միջանցքային տերմինաբանությունը, որը դուք օգտագործում եք, մեզ համար ընդունելի չէ, նրանք ասում են՝ ոնց ընդունելի չէ, դուք եք ընդունել եռակողմ հայտարարությունը, մենք ասում ենք՝ եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ, բացեք, նայեք, երբ որ գրված կլինի, մեզ ցույց կտաք: Միջանցք բառը ընդհանրապես գլոբալ աշխարհում ներկայացվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին: Եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև այնտեղ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայնության կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Բացի այդ՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ ուղղակի, այն 5 կմ-անոց տարածքի շերտ է, որ գտնվում է 3-րդ կողմի վերահսկողության ներքո»,- ասաց նա:
Կարծիքներ