Պատվաստումը կօգնի ապրել առանց վարակվելու վախերի. 57-ամյա տղամարդու պատմությունը

Պատվաստումը կօգնի ապրել առանց վարակվելու վախերի. 57-ամյա տղամարդու պատմությունը

Պատվաստումը միակն ելքն է՝ հաղթահարելու COVID-19-ը. մասնագիտությամբ գյուղատնտես, գործարարությամբ զբաղվող 57-ամյա Տիգրան Ուզունյանի կարծիքն է, դրա համար էլ օրեր առաջ պատվաստվել է COVID-19-ի դեմ, որ ապագայում մի փոքր շունչ քաշի ու ապրի առանց վարակվելու վախերի:

Վախկոտ մարդ չեմ, բայց COVID-ից վախենում եմ

Ռիսկային խմբին եմ պատկանում, ունեմ խրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, ստենտավորված սիրտ, ավելորդ քաշ: COVID-19-ի տեսանկյունից վտանգավոր հիվանդություններ են սրանք: Համավարակի ամբողջ ընթացքում ձգտել եմ ընդհանրապես տանից դուրս չգալ, ընտանիքիս անդամները ևս, որ վարակը տուն չբերեն: Տարեց մայր ունեմ, նրա համար էլ եմ անհանգստանում: Մի քիչ էլ երևի բախտս է բերել, որ մինչ այժմ չեմ հիվանդացել: Միշտ կատակով ասում եմ՝ մարդ կա շնից է վախենում, մյուսը՝ ինքնաթիռից, ես էլ COVID-ից եմ վախենում: Կարող եմ ասել, որ վախկոտ մարդ չեմ, բայց այդ վախն ինձ մոտ գերակա է դարձել:

Մեկ-երկու ամիսը ձգվեց, մեկ տարուց ավելի դարձավ

Երբ սկսվեց տարածվել հիվանդությունը, նորմալ էինք ընդունում, տանն էինք անընդհատ, տնեցիների հետ հաճելի էր: Մտածեցինք՝ լավ, մեկ-երկու ամիս է, մեզ պահենք, դուրս չգանք, կանցնի, կգնա: Բայց արի ու տես, որ մեկ-երկու ամիսը ձգվեց, դարձավ մեկ տարուց ավելի: Ողնաշարի պրոբլեմ ունեմ, որը լուծում էի լողալով, մի տարի է՝ լողավազան չեմ գնում: Անընդհատ ցավերը սկսվում են, դեղորայք եմ օգտագործում, մինչդեռ տասնյակ տարիներ այն լողով էի բուժում:

Բիզնեսով եմ զբաղվում, կաթնամթերքի փաթեթների արտադրություն եմ հիմնել Մոսկվայում: Հիմնականում այստեղ եմ լինում, բայց անհրաժեշտություն կա նաև գնալ տեղում հետևելու գործընթացներին: Սակայն  COVID-ով պայմանավորված էլի չեմ կարողանում գնալ, ինչի արդյունքում բիզնեսն է տուժում:

Այս ընթացքում զրկվել եմ ընկերներիս հետ շփումից: Դեմ առ դեմ շփումը հեռավարով փոխարինելը, միայն գլխով բարևելը, իրարից հեռավորությունը պահելը, ամեն ինչն ազդում է բոլորիս վրա: Շատ զգուշավոր եմ դարձել, ինչն անդրադառնում է այլ մարդկանց հետ իմ հարաբերությունների վրա: Անզգույշ, անդիմակ մարդ եմ տեսնում, լարվում եմ:

Կարևոր է իրազեկ լինել պատվաստվելուց առաջ

Մինչև պատվաստվելը կարևոր էր տարբեր աղբյուրներից տեղեկություններ հավաքելը, միանգամից չեմ գնացել: Խորհրդակցել եմ բժիշկ ընկերներիս հետ, համոզվել եմ, որ անվտանգ է, ու որոշել եմ պատվաստվել: Մինչև հիմա էլ կարդում եմ, տեղեկանում: Կուզեմ, որ մարդիկ ավելի տեղյակ լինեն:

Լիահույս եմ՝ պատվաստումից հետո նորմալ կյանքի կվերադառնամ

Դեռևս առաջին չափաբաժինն եմ ընդունել, սպասում եմ 21 օրը լրանա, որ պատվաստանյութի երկրորդ բաժինը ստանամ: Երբ դիմեցի, մեկ շաբաթ սպասեցի ու կանչեցին: Եվ բուժքույրը, և բժիշկը շատ սիրալիր ընդունեցին, բացատրեցին, թե ինչ կողմնակի հետևանքներ կարող է ունենալ պատվաստումը: Ասացին, եթե  ջերմություն ունենաք, չվախենաք: Պատվաստումից հետո ոչ մի բան չեմ զգացել, անգամ զանգեցի կատակով հարցի՝ կարող է դեղը լավը չէր, որ ազդեցություն չունեցավ (ծիծաղում է)։

Երկրորդին էլ կգնամ, երբ համոզվեմ, որ ամեն ինչ կարգին է, ինձ թվում է, նորմալ կյանք կվերադառնամ: Իհարկե, նկատի չունեմ անզգույշ շփումները, այլ հոգեբանորեն ավելի հանգիստ կլինեմ:

Հոդվածը տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակը. այն պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի օժանդակությամբ։ Հոդվածում ներկայացված մտքերը պարտադիր չէ, որ արտահայտեն Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետները։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում