2024թ. հունվարի 1-ից ելքի վիզայի անհրաժեշտություն չի լինի
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից արդեն օտարերկրյա պետություններ մեկնելիս անձնագրերում կլոր կնիք ունենալու կարիք չեն ունենա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:
«Այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիների անձնագրերի 4-րդ էջում առկա է կլոր կնիք, որը վկայում է օտարերկրյա պետություններում մեր քաղաքացիների անձնագրերի վավերականության մասին: Այսինքն՝ սա ենթադրում է վավերականության նշում, սակայն, ընդհանուր առմամբ, այն չի հատվում անձնագրերի ընդհանուր վավերականության ժամկետի հետ: Տարիներ շարունակ այս կլոր կնիքը նպատակ է հետապնդել մուտք ու ելքի հետ կապված հարցերը կարգավորել»,-ասաց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Նա նշեց, որ այժմ կա նույնականացման քարտերի ինստիտուտը, այլ գործիքակազմեր ևս, որոնք մի շարք ռիսկեր կառավարելի են դարձնում: Եվ կլոր կնիքի նշանակությունն, ըստ էության, իմաստազրկվում է: Եվ չնայած դրան՝ այդ պահանջն անձնագրային ծառայություններում հանգեցնում է հերթերի, բարդացնում քաղաքացիների կյանքը: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերաբերելի բոլոր դրույթները: Քանի որ սա չի վերաբերում միայն ներպետական ընթացակարգին, այլ նաև այլ երկրների հետ հարաբերություններին, սահմանվել է եռամսյա իրազեկման ժամկետ, որ ԱԳՆ-ն օտարերկրյա պետություններին իրազեկի, և ՀՀ քաղաքացիները օտարերկրյա պետությունների սահմանային անցման կետերում այս առումով որևէ խնդրի չբախվեն:
Այն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2024-ի հունվարի 1-ին:
«Արձակուրդների սեզոնին՝ օգոստոսին և դեկտեմբերի վերջին մարդիկ, որոնք պլանավորում էին երկրից դուրս գնալ, հանկարծ արձանագրում էին, որ իրենց անձնագիրն օտար երկրում վավերական չէ: Ինձ մոտ այդ հարցը միշտ առաջացել է՝ ես անձնագիր ունեմ, այն ուժի մեջ է, սակայն վավերական չէ. տարօրինակ բան: Ես շատ ուրախ եմ, որ մենք նկատել ենք այս խնդիրն ու ուղղում ենք: Հիմա ՀՀ քաղաքացիները 2024-ի հունվարի 1-ից այլևս կնիք ունենալու անհրաժեշտություն չեն ունենա»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ