Վարչապետի մոտ քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Թվայնացման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել է Հայաստանի՝ 2020-2025թթ. թվայնացման ռազմավարության նախագիծը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ստեփան Ծատուրյանը ներկայացրել է ռազմավարության նպատակները եւ դրանց իրականացման ճանապարհային քարտեզը: Նա նշել է, որ էլեկտրոնային կառավարման եւ թվային տեխնոլոգիաների զարգացմամբ Հայաստանն առաջատար դիրքեր է զբաղեցնում, եւ մինչ այժմ իրականացված հաջող նախաձեռնությունները լավ հիմք են հետագա թվային փոխակերպման համար: Նրա խոսքով՝ Թվայնացման ռազմավարությամբ նախատեսվում է իրականացնել պետության, տնտեսության եւ հասարակության թվային փոխակերպում` պետական համակարգում նորարարական տեխնոլոգիաների, կիբերանվտանգության, տվյալների քաղաքականության զարգացմամբ, համակարգերի փոխգործելիության ապահովմամբ, միասնական ստանդարտների ներդրմամբ, կրթական ծրագրերի իրականացմամբ, ինչպես նաեւ մասնավոր հատվածում թվային գործիքների խթանմամբ: Արդյունքում ակնկալվում է՝ հանրային ծառայությունների մատուցման բարձր որակի ապահովում, պետական կառավարման արդյունավետության աճ, ինստիտուցիոնալ թվայնացում, ենթակառուցվածքների զարգացում, տվյալահեն որոշումների կայացում, թվային հմտություններով աշխատուժի զարգացում: Նախատեսվում է ռազմավարությունն իրականացնել 2 փուլով՝ 2020-2021 թթ. եւ 2022-2025 թթ.: Ռազմավարությունը քննարկվել է շահագրգիռ գերատեսչությունների եւ մասնագիտական ասոցիացիաների հետ, ներկայացված առաջարկները նկատի են առնվել եւ ընդունվել են ի գիտություն:
Ռազմավարության շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Քննարկվել են թվայնացման միասնական ստանդարտներին եւ ձեւաչափերին, ըստ ոլորտների մատուցվող պետական ծառայությունների շրջանակին, միջգերատեսչական համագործակցությանը, կիբերանվտանգության ենթակառուցվածքների զարգացմանը, տվյալների համակարգերի փոխգործելիությանը, թվայնացման ուղղությամբ արդեն իսկ իրականացված աշխատանքների ներդաշնակեցմանը վերաբերող եւ այլ հարցեր: Արծարծվել են կազմակերպչական մի շարք հարցեր եւս:
Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ թվայնացումը հեղափոխական գործընթաց է, եւ աշխատանքը պետք է իրականացնել եւ՛ բովանդակային, եւ՛ տեխնիկական ուղղություններով: Վարչապետի դիտարկմամբ, բացի տեխնիկական չափանիշներից, թվայնացման ռազմավարությամբ պետք է քաղաքական հստակ նպատակադրումներ եւ տեսանելի նշաձողեր սահմանվեն, որպեսզի հանրությունը կարողանա պատկերացում ունենալ նպատակների եւ արդյունքների մասին: Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է հանրային ակտիվ կոմունիկացիան, թվային փոխակերպման գործընթացների վերաբերյալ լայն իրազեկումը եւ հանձնարարականներ տվել պատասխանատուներին:
Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, քննարկման արդյունքներով, լրամշակել ռազմավարության նախագիծը եւ ընթացք տալ հետագա աշխատանքներին:
Կարծիքներ