Մինչև 2026-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը․ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Մինչև 2026-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը․ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

Հ կառավարության օգոստոսի 18-ի նիստում, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը.

«Հարգելի գործընկերներ,

առաջին հարցով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026թթ. գործունեության ծրագիրը:

Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն, կառավարությունն իր ձևավորումից հետո, 20-օրյա ժամկետում պետք է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը: Հիմա կառավարության նիստում պետք է ընդունենք ծրագիրը, որից հետո, մյուս շաբաթվա սկզբին տեղի կունենա քննարկում Ազգային ժողովում: Իհարկե, Ազգային ժողովում, համոզված եմ, շատ մանրամասն և մանրակրկիտ քննարկում կունենանք:

Ես այսօր համառոտ կներկայացնեմ ծրագիրը:

Ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից: Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, երկրորդ բաժինը՝ տնտեսություն, երրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում,  չորրորդը՝ մարդկային կապիտալի զարգացում, հինգերորդը՝  իրավունք և արդարադատություն և վեցերորդ բաժինը՝ ինստիտուցիոնալ զարգացում:

Մեր հիմնական քաղաքական ուղերձը, որը ներառում է այս ծրագիրը, կարծում եմ, ընդգրկված է ծրագրի նախաբանի մեջ, և ես ուզում եմ նախաբանի տեքստը մեջբերել: Եվ այսպես.

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:   

2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:

Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։

2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց: 

Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանը սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային:

Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած Կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը Կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Միաժամանակ ժողովրդավարության թյուրընկալումը՝ որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և  պատասխանատվությունը»:

Սա է մեր հիմնական քաղաքական ուղերձը, որն արտահայտված է ծրագրի նախաբանում: Բայց այդտեղ առանձնակի ուշադրություն է հրավիրված նաև մեր անվտանգության մարտահրավերներին: Եվ ծրագրի առաջին բաժինը կոչվում է անվտանգություն և արտաքին քաղաքականություն, որտեղ արձանագրվում է, թե որոնք են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնները:

Առաջինը՝ որպես այդպիսին, նշվում է Հայոց արդիականացվող բանակը: Դուք գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը, և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը:

Պիտի ընդգծեմ ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ որպես անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոն: Մենք ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ:

Հայաստանի անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործոնը հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է՝ ընդգծված մեր ծրագրում, և Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մեր ծրագրում՝ որպես անվտանգության ապահովման կարևորագույն գործոն, ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Կարծում եմ՝ սա կարևոր նրբություն և նորամուծություն է,  որովհետև մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը: Եվ պիտի ընդգծեմ, որ ինչպես կառավարության նախորդ նիստերում առիթ եմ ունեցել ասել՝ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում: Եվ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունն արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն:

Հաջորդ գործոնը, որը էական ազդեցություն կարող է ունենալ մեր անվտանգության համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Մենք ընդգծում ենք համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում: Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով:

Այս առումով, հարգելի գործընկերներ, ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագիրը, ըստ էության, որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ՝ այն առումով, որ ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչերին:

Ուզում եմ հիշեցնել, որ հուլիսի 29-ի հայտարարության մեջ համանախագահները վերահաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի՝ բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը, և կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնել են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն բանակցությունների կառուցվածքային օրակարգը՝ արտացոլելով իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների: Հետևաբար՝ կառավարության ծրագիրը ձևակերպելիս հաշվի ենք առել համանախագահության այս առաջարկը և ծրագիրը ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն համահունչ լինի բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համանախագահների կոչին: Նախապայմաններ չենք առաջադրել և ընդհակառակը՝ ամեն ինչ արել ենք, որպեսզի բանակցային պատշաճ միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու որևէ դրսևորում և միտում արտահայտված չլինի կառավարության ծրագրում:

Անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունն ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձևավորումն է: Մենք արդեն բավական երկար ժամանակ խոսում ենք նաև ազգային անվտանգության ծառայության և ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին: Մեր ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր ընդունեն Հայաստանի զինված ուժերից: Այսինքն՝ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն: Այս առումով՝ սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն: Իմիջիայլոց՝ սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում: Որովհետև, ինչպես գիտեք, սովորաբար, սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի:

Նաև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ինչպես նշել ենք մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ, և մենք այս ծրագրում ընդգծել ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն:

Շատ կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ մեզ համար անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը: Այս առումով՝ մենք կարևորում ենք, որ ունենանք զարգացող և հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունը և բնականոն կյանքն ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսությունը:

Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության համար ունեն առանցքային նշանակություն:

Արդեն բուն ծրագրի մանրամասներին անցնելով՝ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը հետևյալ կոնկրետ տնտեսական պարտավորությունները կամ հանձնառություններն է ստանձնում.

մինչև  2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են.

-ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),

-ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի

-10%-ից ցածր գործազրկության մակարդակ ապահովել:

Միևնույն ժամանակ՝ անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին, մենք հետևյալ թիրախներն ենք մատնանշել.

-նվազագույն կենսաթոշակի և  կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և  սպառողական զամբյուղների արժեքներին,

-նվազագույն աշխատավարձը սահմանել 85 000 դրամ,

-վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Սրանք, կարծում եմ, բավականին լավ թիրախներ են և մեզնից լրջագույն ջանքեր են պահանջվելու այս թիրախները պատշաճ ձևով կյանքի կոչելու համար:

Գործազրկության վերացման մեր ռազմավարության մեջ ես ուզում եմ ընդգծել հատկապես հետևյալը. իհարկե, աշխատատեղեր ստեղծվել են Հայաստանի Հանրապետությունում և ստեղծվում են, բայց մեզ համար առանձնահատուկ նպատակ և թիրախ է, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը: Եվ այս առումով՝ շատ կարևոր ենք համարում պահպանել և արագացնել այն դինամիկան, որը մենք ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում:  Ըստ մեր հանձնառության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026թ. կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 հազար զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի համախառն ներքին արդյունքի 6-7 տոկոսը: 2020թ. տվյալներով այս ցուցանիշը 4 տոկոս է: Այսպիսով՝ Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 16 հազար աշխատատեղ: Իհարկե, այստեղ այս ոլորտներում աշխատատեղերի ստեղծման առումով՝ շատ կարևոր է ընդգծել, որ ոչ միայն աշխատատեղ ստեղծելը, այլ նաև նկատի ունենք աշխատողների ներգրավվածությունը: Այս առումով՝ պետք է ոչ միայն աշխատատեղեր լինեն, այլև աշխատողներ լինեն: Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում – իհարկե, այդ պրոբլեմն ամբողջ աշխարհում կա - յուրաքանչյուր իքս պահի բարձր տեխնոլոգիաների ոլորտում մոտավորապես մի քանի հազար թափուր աշխատատեղ կա: Այս աշխատատեղերի լրացման առումով, ընդհանրապես բարձր որակավորում պահանջող աշխատուժի ներգրավման առումով, երկու ուղղություն եմ հատկապես ուզում ընդգծել:

Առաջինը՝ կրթության ոլորտում մեր միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումներն են, և երկրորդը՝ «Աշխատիր Հայաստան» ծրագրի առավել արդյունավետ իրագործումը: Խոսքը հետևյալի մասին է՝ ինչո՞վ են տարբերվում այդ երկուսը: Կրթական համակարգը մասնագետներ պատրաստում է ավելի երկար և սովորական ցիկլով, իսկ մենք աշխատուժի շուկան առավել ակտիվ համալրելու համար, պետք է կարողանանք իրագործել վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական հմտությունների և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր: Մենք 2019թ. ընդունել ենք արդեն «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, և այդ ծրագիրը պետք է առավել ակտիվ կյանքի կոչենք:

Հաջորդ ուղղությունը, որի մասին ես ուզում եմ նշել, նախընտրական շրջանում նույնպես դրա մասին շատ ակտիվ խոսել ենք՝ մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պատրաստվում ենք Հայաստանում կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Այս առումով՝ դպրոցների մասով ես ուզում եմ հատկապես ուշադրությունը հրավիրել, որ մենք նպատակ ունենք մինչև 2026թ. հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբարատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը: Այսինքն՝ խնդիրն ընդհանրապես հետևյալի մեջ է. մենք սովորաբար կամ շատ հաճախ դպրոց կամ մանկապարտեզ ասելով, հասկանում ենք շենք, որն իհարկե, շատ կարևոր է, բայց շենքը՝ առանց բովանդակության և առանց կրթական պատշաճ ենթակառուցվածքների, չի կարող ունենալ այն  էֆեկտը, որը պիտի ունենա: Այս առումով՝ մենք շատ կարևորում ենք, որ ոչ միայն մեր դպրոցների,  նախակրթարանների և մանկապարտեզների շենքային պայմանները բարելավվեն, այլև դրանք պատշաճ բովանդակությամբ և լաբարատորիաներով, կրթական նյութերով հագեցած լինեն:

Այստեղ մենք շատ կարևորում ենք նաև մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը: Սա էլ երրորդ բաղադրիչն է, որովհետև եթե մենք ունենանք պատշաճ շենք, պատշաճ ծրագրեր, պատշաճ լաբորատորիաներ, բայց չունենանք այնպիսի մասնագետներ, որոնք ապահովեն աշակերտի և բովանդակության պատշաճ հաղորդակցությունը, մենք մեր ակնկալած արդյունքները չենք կարող ունենալ: Այս առումով՝ կրթությունը և կրթության, գիտության և բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները լինելու են մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր եմ համարում նաև սոցիալական ոլորտում, ժողովրդագրության ոլորտում մեր ստանձնած պարտավորությունների իրագործումը:

Դուք տեղյակ եք, որ մենք հետևյալ նախընտրական խոստումն ենք տվել և այդ կետը ներառել ենք ծրագրում և մենք պատրաստվում ենք վճռականորեն իրականացնել այդ ծրագիրը: Խոսքը հետևյալի մասին է, որ երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը, ամսական 50 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել բոլոր ընտանիքներին: Ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների մասին է, այլև բացարձակապես բոլոր ընտանիքների մասին է: Այսինքն՝  ընտանիքում երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխա մինչև 6 տարեկանը կստանա 50 հազար դրամ աջակցություն: Սա ժողովրդագրության ոլորտում կարևորագույն ծրագիր է: Իմիջիայլոց, ես ուզում եմ ընդգծել, որ 2020 և 2021 թվականներին մենք ժողովրդագրական միտումների որոշակի, շոշափելի առաջընթաց ենք տեսնում. մասնավորապես, այս տարի մեր ծնված երեխաների թիվն ավելի քան 1400-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ես կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որպեսզի մենք ժողովրդագրական ծրագրերը դնենք ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի կարողանանք էական տարբերություններ ունենալ այդ ոլորտում:

Իհարկե, այստեղ մենք պետք է արձանագրենք, որ այս աջակցության ծրագիրը միայնակ չի կարող լուծել մեր առաջ առկա խնդիրը: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2019 թվականից մինչև 18 տարեկանների հիվանդանոցային կարիքներն ամբողջությամբ հոգում ենք պետական բյուջեի հաշվին: Ուզում եմ հիշեցնել, որ շատ կարևոր և ռազմավարական նշանակության ծրագիր ենք ընդունել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստները, ծնողներին տրվող նպաստների համակարգում էական փոփոխություն ենք արել: Եվ շատ կարևոր է, որպեսզի այն երեխաները, որոնք ծնվում եմ ՀՀ-ում, իրապես պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն ունենան:

Մենք հենց այս բոլոր ծրագրերը դնում ենք նույն շղթայի մեջ, այսինքն՝ կրթություն, ժողովրդագրություն, առողջապահություն, դրանք ամենևին առանձին վերցրած ծրագրեր չեն: Իհարկե, վերջին տարիներին մենք առողջապահության ոլորտում շատ էական փոփոխություններ ենք արել, բայց, այնուամենայնիվ, մենք եկել հասել ենք մի կետի, որտեղ այլևս պետք են արմատական փոփոխություններ: Մենք պիտի քաղաքական կամք դրսևորենք և Հայաստանի Հանրապետությունում ներդնենք առողջապահության ապահովագրության ծրագիր: Պիտի ասեմ, որ ծրագրի բովանդակության հարցում, ըստ էության, արդեն կողմնորոշվել ենք, որովհետև ուզում եմ ասել, որ այնպես չի, որ նախորդ տարիներին մենք այդ թեմայով բաց ենք թողել: Ոչ: Շատ կարևոր բովանդակային աշխատանք է արվել, և մենք առաջիկայում պիտի կարողանանք մեր նախանշած ծրագրերն իրականացնել:

Հարգելի գործընկերներ,

ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել տրանսպորտի ոլորտում մեր կողմից նախանշված փոփոխություններին: Պիտի արձանագրեմ, որ մենք շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ ռուսական Հարավկովկասյան երկաթուղու հետ: Այդ փոփոխությունների համաձայնության էությունը կայանում է հետևյալում, որ մինչև 2024թ. Հայաստանի Հանրապետությունում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 մլրդ դրամի ներդրումներ:

Ես ուզում եմ պատկերացնենք այս ծավալը. մինչև 2024թ. բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել Հարավկովկասյան երկաթուղիների  հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ իսկապես մինչև 2024թ. կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի: Շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես տեսնում ենք, օդային տրանսպորտի ոլորտում նույնպես էական փոփոխություններ են տեղի ունենանում և նաև այս նոր ժամանակաշրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանում հիմնադրվում է երկու, ըստ էության, տեղական հայկական ավիաընկերություն՝ իհարկե, նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ ընդհակառակը՝ լավացնում է: Այսինքն՝ այստեղ օդային փոխադրումների ոլորտն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու բավականին լավ դինամիկա է ցուցաբերում, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այնպես անել, որ այս ներդրումային հետաքրքրությունն ավելացնենք, զարգացնենք, և կարողանանք աջակցել, որ տեղի ունեցող ներդրումները լինեն արդյունավետ:

Մեր նախորդ տարիներին ձեռք բերված բավականին լավ դինամիկան ճանապարհաշինության ոլորտում մենք միանշանակ ոչ միայն կպահպանենք, այլև կավելացնենք: Նախ սովորական ընթացակարգերով մենք տարեկան 500 կմ վերանորոգված ճանապարհի նշաձողը անպայման կպահպանենք: Միևնույն ժամանակ ռազմավարական նշանակության ծրագիր ենք սկսում իրականացնել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում: Մենք առաջիկայում պիտի սկսենք Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի շինարարությունը: Նաև հիմա լավ դինամիկայով տեղի է ունենում Թալին-Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությունը, նաև մեր ուշադրության կենտրոնում է լինելու Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը: Եվ սա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է:

Մի հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել: Շատ կարևոր է արձանագրել, որ այս ծրագրերը, բոլորս ենք հասկանում, որ ահռելի ֆինանսական միջոցներ են պահանջում և կարևոր հարց է, թե ինչպես և որտեղից ենք մենք ներգրավելու այդ միջոցները: Այս առումով՝ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք այս փուլում հնարավորություն ունենք Եվրամիության հետ համատեղ իրականացնել մեր ծրագրերը: Դուք գիտեք, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանին հատկացնել 2.6 մլրդ եվրոյի փաթեթ: Մենք այս ընթացքում, կարծում եմ, բավական արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և որոշակիացրել ենք այն ծրագրերը, որտեղ պիտի ակնկալենք Եվրամիության գործընկերների և Եվրամիության ֆինանսների ներգրավվածությունը: Իհարկե, դրա մասին խոսել ենք:

Շատ կարևոր եմ համարում, որ այդտեղ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի մարզում ենթակառուցվածքների և Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման ծրագիրը: Շատ կարևոր է որ, հույս ունենք, որ  հնարավորություն կունենանք  այդ միջոցներից ուղղել նաև կրթության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար, Երևան քաղաքում տրանսպորտային կառավարման արդյունավետության և կանաչ, այսինքն՝ ավելի էկոլոգիական համակարգերի ներդրման ուղղությամբ են աշխատանքներ իրականացվելու: Մենք հույս ունենք, որ այդ ծրագրերից, այդ ֆինանսներից կներգրավվենք նաև Հայաստանում ջրամբարաշինության ոլորտում: Պիտի հիշեցնեմ, որ մենք պլանավորում ենք ՀՀ-ում առաջիկա հինգ տարիներին նախագծել և/կամ սկսել 15 ջրամբարների շինարարություն, որը ռազմավարական ուղղություն է, եթե հաշվի առնենք նաև կլիմայի  այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, նաև՝ մեր տարածաշրջանում: Իհարկե, եթե նույնիսկ այդ փոփոխությունները տեղի չունենային, ջրային պաշարների կուտակումը  միշտ էլ եղել է ռազմավարական նշանակության խնդիր: Ես հույս ունեմ, որ մենք ժամկետին կավարտենք Վեդիի ջրամբարի կառուցումը և կսկսենք մյուս ջրամբարների կառուցումը:

Այստեղ շատ կարևոր է, որ այս տարի էլ մենք անընդհատ բախվում ենք ջրային խնդիրների և պրոբլեմներ հետ: Իհարկե, ընթացիկ ռեժիմով փորձում ենք այդ հարցերին կառավարում տալ, բայց ջրի խնդրի ռազմավարական կառավարումը, լուծումը հետևյալն է՝ ջրի խնայողությունը,  ջրի արդյունավետությունը, ջրի օգտագործման արդյունավետությունը ֆունդամենտալ լուծումն է: Քանի դեռ մենք այս լուծմանը չենք հասել, առաջինը՝ կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի մասով, երկրորդը՝ նաև խմելու ջրի մեր որոշակի ռեժիմները և ինչ-որ առումով նաև մեր կուլտուրան փոխելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած, որովհետև, ցավոք, Հայաստանում ջրային պրոբլեմ կա, բայց անընդհատ կարելի է բախվել տարբեր տեղերում ջրերի, որոնք ուղղակի հոսում են՝ առանց կառավարման: Եվ սա շատ ֆունդամենտալ պրոբլեմ է, որին մենք պետք է անպայման անդրադառնանք:

Առաջ անցնելով մեր ծրագրի տարբեր դրույթների ներկայացման առումով՝ ես ուզում եմ անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումների խնդրին:

Հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ  նախկինում մենք արտահայտել ենք տեսակետներ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, բայց 44-օրյա պատերազմը՝ ինքը, կարծես նոր խթան տվեց Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցին և հարցեր բարձրացրեց, թե ինչքանով է կառավարման այն համակարգը, որը մենք ունենք, համապատասխան մեր երկրում առկա մարտահրավերներին: Իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս առումով նախկինում արտահայտել էր դիրքորոշում, բայց մենք, նաև հաշվի առնելով մեր ծրագրի նախաբանում առկա այն դրույթները, որ մեր խնդիրն է, ընդհանուր առմամբ, ավելի ուշադիր լինեն քաղաքական-հանրային շրջանակներից հնչող տարբեր առաջարկներին, ծրագրում Սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք որպես բաց քննարկման հնարավորություն:

Ի՞նչ նկատի ունեմ: Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք մենք պետք է փոխենք երկրում կառավարման համակարգ, թե՞ մենք պիտի չփոխենք կառավարման համակարգը, այլ կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մենք ծրագրում որևէ կանխավարկած չենք դրել: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական-հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացա քաղաքական ուժ: Բայց նաև պիտի ասեմ, որ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպիտի լինի, որը ազդի այս որոշման վրա: Այն, որ Սահմանադրական կառուցակարգերի մեջ ունենք պրոբլեմներ, մենք ականատես եղանք նաև վերջին 7-8 ամիսների ընթացքում: Ես ուզում եմ ամենապարզ և ակնհայտ օրինակը բերել, երբ ըստ էության, երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ, այդ իրավիճակը կարգավորելու, կարգաբերելու համար ավելի քան մեկ ամիս ժամանակ պահանջվեց, իսկ այդ ընթացքում, թե ինչ տեղի ունեցավ և ինչ տեղի չունեցավ և որը հետագայում ինչպես ազդեց մեր երկրի անվտանգային համակարգի միջավայրի վրա, ցավոք, մենք դա տեսանք արդեն մայիս ամսվա ընթացքում: Ես կարծում եմ, որ այդ իրավիճակը ռազմական դրության պայմաններում արագ կարգաբերելու հնարավորությունների բացակայությունն այն ակնհայտ պրոբլեմն է, որ կա մեր Սահմանադրական կարգավորումներում: Բայց, արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ մենք, ընդհանուր առմամբ, պիտի գնանք կառավարման համակարգի փոփոխության, թե չի նշանակում դա, այդ հարցի պատասխանը մեզ պետք է գտնել ավելի մանրամասն քննարկումների միջոցով և քննարկումների տիրույթում: Եվ պետք է ասել, որ այստեղ մենք պետք է պատրաստ լինենք, որ հանրային կոնսեսուս չի ձևավորվելու և լինելու են ամենատարբեր կարծիքներ: Եվ մենք պետք է կարողանանք գնալ ամենառացիոնալ լուծումների: Մենք խնդիր ունենք նաև, շատ կարևոր հանձնառություն ունենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ անառարկելի արդարություն և արդարադատություն հաստատելու առումով: Մենք պիտի շարունակաբար և հետևողական շարունակենք այս ճանապարհը: Ընդ որում, ես կարծում եմ, իհարկե, շատ հարցեր լուծելու համար բավականին արդյունավետ գործիք կարող է լինել Սահմանադրական փոփոխությունները, բայց ես չեմ կարծում, թե մենք պիտի սպասենք որևէ օր, որևէ ժամ դատաիրավական համակարգի բարեփոխումներին, և հետևաբար, դա մեր անելիքն է այսօր՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ և՛ երկարաժամկետ:

Ես ուզում եմ էլի ընդգծել՝ ո՞րն է մեր նպատակադրումը դատաիրավական համակարգի փոփոխություններում: Մեր կարևոր նպատակադրումն հետևյալն է, որ ի վերջո ՀՀ-ում ձևավորվի դատական վճիռների և որոշումների նկատմամբ հանրային վստահություն, որովհետև, ցավոք, մենք այդտեղ խնդիր ունենք: Եվ մեր նպատակադրումը հետևյալն է՝ երբ որևէ դատարան որևէ որոշում է կայացնում, ոչ թե հանրային քննարկումը լինի այն, թե այս ինչպես եղավ, ոնց եղավ, ամենատարբեր տեսություններ կառուցվեն այդ իրականության շուրջ, այլ լինի հստակ պարզապես դիրքավորում հետևյալ տրամաբանությամբ, որ դատարանը որոշել է, որոշումը ուժի մեջ է մտել, և հետևաբար՝ մենք այն պետք է ընդունենք ի գիտություն և ընդունենք այդ որոշման և որոշումների անառարկելիությունը: Իհարկե, այն փուլում, երբ դրանք այլևս դառնում են անառարկելի: Ես նկատի ունեմ, որ մեր նպատակադրումը պետք է լինի, որ բոլորը, հանրության բոլոր շերտերն ի վերջո վստահությամբ տոգորվեն դատական որոշումների նկատմամբ:

Եվ կառավարության ծրագրում մենք շատ կարևոր հատված ունենք, որը վերնագրված է՝ «Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում»: Մենք դեռևս 2020 թվականի մեկնարկին ազդարարեցինք ռազմավարական կառավարման անցնելու անհրաժեշտությունը: Ո՞րն էր դրա էությունը: Դրա էությունը հետևյալն էր, որ մեր բոլոր որոշումները պետք է բխեն մեր ռազմավարական փաստաթղթերից և ծառայեն այդ փաստաթղթերում արձանագրված նպատակադրումներին: Հետևաբար, մեր խնդիրն է՝ յուրաքանչյուր որոշում, որ կայացվում է այս դահլիճում, կայացված որոշումներն ունենան տեսանելի և բացատրելի կապ մեր ընդունած ռազմավարությունների, պարտավորությունների, խոստումների և միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատակադրումների հետ: Սա պարզ խնդիր է ձևակերպման առումով, բայց ոչ այնքան պարզ խնդիր է լուծման առումով, և սա ի վերջո պիտի դառնա մեր կարևորագույն ուղղություններից մեկը:

Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը: Գիտեք, որ մենք վերջին ամիսներին, համաձայն նոյեմբերի 18-ին մեր հրապարակած ճանապարհային քարտեզի՝ այնտեղ կար երկու կետ, որն ուղղակիորեն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին: Առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելը և Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը վերականգնելը՝ այն իմաստով, ինչ իմաստով հնարավոր և իրագործելի է ներկա պայմաններում: 

Պիտի արձանագրեմ, որ երկրորդ հարցում մենք բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալել: Այս ընթացքում Արցախում շուրջ 70 միլիարդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել, և շարունակվում են այդ ծրագրերի իրականացումը: Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք առաջ շարժվել: Հաշվի առնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, որոնք նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին հաջորդած մի քանի հայտարարությունների մեջ, հստակ արձանագրվում է, որ մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում: Հայաստանի Հանրապետությունն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ մենք ողջունում ենք համանախագահների այդ մտադրությունը և այդ առաջարկությունն ու Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում:

Իհարկե, այս ընթացքում մեզ համար կարևոր է նաև, պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ի Մոսկվայում ընդունված հայտարարության: Մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Կրկին ուզում եմ ընդգծել նախկինում մեր արտահայտած դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ: Այստեղ էլ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք և հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել: Համենայնդեպս՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ջանքերը գործադրում է և կշարունակի գործադրել, որպեսզի նախատեսված լուծումներն այն ինչ, որ մենք նախկինում արտահայտել ենք, այդ ուղղություններով արդյունավետ կարողանանք առաջ շարժվել:

Հարգելի գործընկերներ,

այսքանը: Ես ուզում եմ նաև ասել, որ մենք ծրագրի ընդունումից հետո ունենք կարևոր աշխատանք: Ազգային ժողովում ծրագրի հավանություն արժանանալուց հետո, մենք պիտի հաստատենք կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումները պիտի արտահայտվեն, շատ կարևոր է, արդեն 2022 թվականի պետական բյուջեում և դրանից հետո միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

Կառավարության ծրագրի գործառութային նշանակությունը, կարծում եմ, մենք որոշակի փոխել ենք կամ լավարկել ենք, իհարկե, այդ նպատակադրման մասին նախկինում մի քանի անգամ արտահայտել ենք: Այս փաստաթուղթը մեզ համար պիտի լինի ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ: Այսինքն՝ սա և՛ հանրության համար, և՛ միջազգային գործընկերների համար, և՛ մեզ համար, պետական կառավարման համար այս փաստաթուղթը պիտի դառնա ուղենիշ: Հետևաբար, սա մի փաստաթուղթ է, որտեղ ասվում է, թե ինչով ենք մենք զբաղվում՝ ամեն օր աշխատանքի գալով և ինչ խնդիրների լուծմամբ ենք զբաղված:

Ես բոլորիս հաջողություն եմ մաղթում այս խնդիրների լուծման ճանապարհին, որովհետև համոզված եմ, որ այս խնդիրների լուծումն ի վերջո այն ճանապարհն է, որով մենք կհասնենք Հայաստանի Հանրապետության անվտանգության, բարեկեցության ապահովմանը, կզարգացնենք մեր երկիրը և մեր քաղաքացիների համար կապահովենք ազատություն, բարեկեցություն և երջանկություն:

Շնորհակալ եմ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում