ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ. բողոքի հայտագիր է հանձնվել Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն: Նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խոր վրդովմունք է արտահայտվել ռուս հաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունների կապակցությամբ։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հայաստանում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խոր վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ: Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները»,- տեղեկացրեց նա:
Հիշեցնենք՝ Վլադիմիր Սոլովյովը ավելի վաղ հայտարարել էր, թե Հայաստանը կորցնելը չի բխում Ռուսաստանի շահերից, և Ռուսաստանը միայն Ուկրաինայում չէ, որ պետք է հատուկ ռազմական գործողություն իրականացնի, այլ նաև Ռուսաստանի ազդեցության գոտու տարածքներում՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա։


Կարծիքներ