ԱՄՆ պետդեպը Լեռնային Ղարաբաղում լարվածության անհապաղ թուլացման ու հետագա էսկալացիայից խուսափելու կոչ է արել
Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող ինտենսիվ մարտերի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և սերտորեն հետևում է տեղեկություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին՝ հանգեցնելով մարդկային կյաների կորստի ու վիրավորների։ Մենք կոչ ենք անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու խուսափել հետագա էսկալացիայից։
Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»,- ասվում է պետդեպի խոսնակի հայտարարության մեջ։
Օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը: Մոտ երկու տասնյակ զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Կարծիքներ