Ի՞նչ է արվում Ուկրաինայում գտնվող հայերի համար. ԱԳ նախարարը ներկայացրեց իրավիճակը

Ի՞նչ է արվում Ուկրաինայում գտնվող հայերի համար. ԱԳ նախարարը ներկայացրեց իրավիճակը

Այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց, թե Հայաստանն ինչ աջակցություն է տրամադրում Ուկրաինայում գտնվող հայերին, և ինչ քայլեր են արվում նրանց Հայաստան վերադարձնելու ուղղությամբ: 

«Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո մեր բազմաթիվ հայրենակիցներ մտադրություն ունեն և փորձում են դուրս գալ այդ գործողությունների գոտուց, ընդ որում՝ երբ ասում ենք՝ մեր հայրենակիցներ, նկատի ունենք և՛ ՀՀ քաղաքացիներին, և՛ այլ երկրների քաղաքացիներին, ովքեր մեր հայրենակիցներն են: Մինչ այսօր Կիևում մեր դեսպանությունը ողջ կազմով շարունակում էր աշխատել: 1500-ի կարգի զանգ են ստացել, կարող եմ ասել, որ, իհարկե, այս մեծ քանակի դեպքում կլինեն քաղաքացիներ, ովքեր փորձել են կապ հաստատել, բայց չի ստացվել: Դրա համար ՀՀ ԱԳՆ-ում թեժ գիծ է հաստատվել»,-ասաց նախարարը:

ԱԳ նախարարի խոսքով՝ բանակցել և պայմանավորվել են արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից բոլոր երկրների հետ։

«Դիվանագետներ են գործուղվել բոլոր այդ երկրներ` տեղում աջակցելու սահմանը հատող ՀՀ քաղաքացիներին ու ազգությամբ հայերին։ Աջակցությունը հիմնականում խորհրդատվական բնույթի է, բայց կան տեղափոխման հարցերում տրամադրված աջակցության որոշ դեպքեր»,-ասաց Միրզոյանը: 

Արտգործնախարարը նաև ավելացրեց, որ Հայաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ոչ միայն Ուկրաինայում գտնվող հայերին, այլ նաև այլ փախստականների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում