Խոսրովի անտառ պետական արգելոցում բռնկված հրդեհի վայրում իրականացվում են հետախուզման աշխատանքներ
Հունիսի 21-ին, ժամը 07։00-ին հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառ պետական արգելոց է մեկնել 17 փրկարար ծառայող։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հունիսի 20-ին, ժամը 08։00-ից Խոսրովի անտառ պետական արգելոցում հրշեջ-փրկարարները վերսկսել են հետախուզման աշխատանքները։
Ժամը 20։30-ին հրշեջ-փրկարարները մարել էին բոլոր ծխացող օջախները։
Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ․ իրականացվել է ծխացող օջախների, ծառի բների, տորֆային հատվածների քանդման և մարման աշխատանքներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։ Տեղում իրականացվում է հերթապահություն։
Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն և մշտադիտարկում արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։
Ավելի վաղ պարզվել է, որ այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում են 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։
Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել են հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։
Օդային հետախուզություն է իրականացվել ուղղաթիռի միջոցով, տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել նաև անօդաչու թռչող սարք։
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, ժամը 14:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառ պետական արգելոցի առաջին անցակետից դեպի «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 15 հա խոտածածկույթ։
Կարծիքներ