Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները
Դեկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Միրզոյանը ջերմորեն շնորհավորել է լիտվացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և ընդգծել պատրաստակամությունը համատեղ ջանքերով շարունակել զարգացնել երկու երկրների միջև ամուր հիմքերի վրա դրված փոխգործակցությունը:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Լիտվայի միջև գործընկերության բազմաշերտ օրակարգին, որը ներառում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացող մի շարք ուղղություններ՝ ժողովրդավարական բարեփոխումներից մինչև ակտիվ ոլորտային համագործակցություն և դիմակայունության ամրապնդում:
Արարատ Միրզոյանը և Կեստուտիս Բուդրիսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները՝ ընդգծելով այս ուղղությամբ Լիտվայի կողմից ցուցաբերվող շարունակական աջակցությունը: Երկուստեք շեշտվել է նորդիկ-բալթյան երկրների ութնյակի հետ ՀՀ փոխգործակցության ընդլայնման հարցում հետաքրքրությունը:
Հայաստանի և Լիտվայի նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ու այդ ճանապարհին առկա մարտահրավերի արդյունավետ հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերը:
Կարծիքներ