Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է
2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:55-ին, Արտաշատի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ թոքի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
«Նույն օրը՝ րոպեներ անց՝ ժամը 23:00-ին, հաղորդում է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից այն մասին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ Հ.Խ.-ն է, իսկ հրազենային վնասվածքով դին՝ Արտաշատ քաղաքի 27-ամյա բնակիչ Վ.Վ.-ն:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով,, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննությամբ պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում:
Նախնական տվյալներով դեպքի օրը՝ 2024 թվականի մայիսի 16-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը հորեղբոր որդու՝ Ս.Ս.-ի հետ Ոստան բնակավայրի կենտրոնական փողոցում հանդիպել է համագյուղացի Հ.Խ.-ին, ով, որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով, առաջարկել է հանդիպել բնակավայրի գերեզմանատան մոտ:
Ժամը 23:00-ի սահմաններում նշված վայրում հանդիպման ժամանակ, որին մի կողմից մասնակցել են Ի.Ս.-ն և Ս.Ս.-ն, իսկ մյուս կողմից՝ Հ.Խ.-ն, Վ.Վ.-ն և քննությամբ դեռևս չպարզված անձինք, վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում Ի.Ս.-ն, իր մոտ ապօրինի կերպով գտնվող հրազենով, Վ.Վ.-ին և Հ.Խ.-ին կյանքից ապօրինաբար զրկելու նպատակով, կրակոցներ է արձակել վերջիններիս ուղղությամբ։ Դրա հետևանքով Վ.Վ.-ն կրծքավանդակի հատվածում ստացած կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Հ.Խ.-ի առողջությանը պատճառվել է կյանքի համար վտանգավոր մարմնական ծանր վնաս, սակայն վերջինիս կյանքը հնարավոր է եղել փրկել՝ ցուցաբերված անհետաձգելի բուժօգնության արդյունքում:
Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Ոստան գյուղի 35-ամյա բնակիչը, ով դեպքից հետո փորձել է լքել ՀՀ պետական սահմանը, իրավապահների կողմից հայտնաբերվել է, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և հարցաքննվել է՝ ներկայացնելով դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող կարևոր հանգամանքներ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքերով «ՎԱԶ 2106» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, որոնցով վիճաբանող կողմերը գնացել են հանդիպման, ինչպես նաև՝ փայտյա մահակ, կրակված և չկրակված պարկուճներ, կրակված հրազենի փամփուշտ, արնանման հետքեր։
Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձինք, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ոստան գյուղի 35-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասիվ:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ:
ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ