ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխշահավետ փոխգործակցության հարցերին: Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի շուրջ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
ՀՀ ԱԳ նախարարն ավստրիացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը շեշտել է բանակցություններում առանցքային հարցերի, մասնավորապես` տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հստակ արտահայտված հանձնառության հիման վրա սահմանազատման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների ու անվտանգության հարցերի հասցեագրման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:
Ընդգծվել է առկա, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրի հասցեագրման և ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
Կարծիքներ