Մարադոնայի ժառանգները չեն կարողացել աճուրդում վաճառել նրա մեքենաներն ու տները
Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնայի ավելի քան 80 իր նրա ժառանգները աճուրդի են հանել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Télam գործակալությանը, ամենաթանկ լոտերը՝ մեքենաներն ու տները, չեն գտել իրենց գնորդին։
Առցանց աճուրդի առաջին ժամում վաճառվել է 29 ապրանք՝ ընդհանուր 13710 դոլարով, աճուրդը տևել է երեք ժամ։
Մարզիկին պատկանող նկարներից ամենաթանկի համար տրվել է 2150 դոլար, հագուստի ապրանքներից ամենաբարձր պահանջարկը եղել է Արգենտինայի հավաքականի և Նապոլի ակումբի մարզաշապիկները, որոնցով Մարադոնան, սակայն, խաղադաշտ դուրս չի եկել։
Ամենաթանկ լոտը Բուենոս Այրեսում գտնվող տունն էր, որի մեկնարկային գինը 900 հազար դոլար էր, դրան հետևում էր Մարադոնայի BMW-ն։ Երկու լոտերն էլ չեն վաճառվել։
Աճուրդից ստացված հասույթը կբաշխվի Մարադոնայի ժառանգներին։ Երկուշաբթի օրը աճուրդի կազմակերպիչները պետք է հայտարարեն, թե ինչպես են վարվելու չվաճառված լոտերի հետ։
Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին 61 տարեկան հասակում։ Պատճառը սրտի սուր անբավարարությունն էր, որը հանգեցրեց թոքային այտուցի։ Նրա մահից անմիջապես հետո Արգենտինայի դատախազությունը հետաքննություն է սկսել բժիշկների հնարավոր անփութության վերաբերյալ։
Կարծիքներ