Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկելու ԲԴԽ-ի կայացրած որոշումները. Մինասյան

Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկելու ԲԴԽ-ի կայացրած որոշումները. Մինասյան

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի փաթեթը:

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ նախագծի նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը:

Նախատեսվում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը իրականացնելու է Բարձրագույն դատական խորհրդի 4 անդամ ընդգրկող կազմը: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ զբաղվող Բարձրագույն դատական խորհրդի նշված կազմը յուրաքանչյուր կարգապահական վարույթով լինելու է տարբեր և ընդգրկելու է դատավորների ընդհանուր ժողովի և Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բերված բողոքի քննությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը՝ տվյալ կարգապահական վարույթով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության կազմում չընդգրկած անդամների կազմով: 

Գրիգոր Մինասյանը նշել է, որ բողոքի քննության համար նախատեսվել է երկամսյա ժամկետ, որի արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարողանալու է վերացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը և մերժել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը կամ նշանակելու կարգապահական տույժի այլ տեսակ կամ վերացնելու դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը և դատավորին ենթարկելու կարգապահական պատասխանատվության և որոշումը թողնել անփոփոխ:

Միևնույն ժամանակ, որպես հիմնական զեկուցող նախարարը հայտնել է, որ Ազգային ժողովի կողմից նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ՀՀ Կառավարությունը գրավոր եղանակով ներկայացրել է նախագծում փոփոխություններ և հստակեցումներ կատարելու առաջարկներ, մասնավորապես առաջարկվել է.

1. Հստակեցնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի և դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքի վերաբերյալ հարցերով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից նիստերը հրավիրելու և վարելու կարգը.

2. նախատեսել, որ կարգապահական վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելիս և իրականացնելիս կաշկանդված չլինի հաղորդմամբ ներկայացված իրավական հիմքերով և հիմնավորումներով:

3. նախատեսել, որ կարգապահական վարույթները միավորելու դեպքում դրա վերաբերյալ որոշումը ուղարկվի նաև հաղորդում ներկայացրած անձանց.

4. հստակեցնել նախագծով լրացվող՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցի մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքով որոշումների կայացման կարգը և այլն:

Նախագծի ընդունումը բխում է ԳՐԵԿՈ-ի 2015 թվականի գնահատման զեկույցում տեղ գտած և 2021 թվականի միջանկյալ զեկույցով վերահաստատած հանձնարարականից, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ դեռևս հնարավոր չէ բողոքարկել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումները և եզրակացրել է, որ այս մասով իր հանձնարարականը մնում է չկատարված: Նախագծով առաջարկվող լուծումներն այս պահին միակ հնարավոր լուծումներն են, որ կարող են փոխզիջումային լինել` չհակասելով Սահմանադրական կարգավորումներին, ինչի մասին նշել է նաև Վենետիկի հանձնաժողովն իր կարծիքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում