ԼՂ-ի պատասխանատու քաղաքական դերակատարները պետք է գան առաջին պլան. Բաբաջանյան
Այսօրվա իրադարձությունները, ծեծկռտուքը Արցախի ներկայացուցչության մոտ խոսում են հրատապ լուծումների անհրաժեշտության մասին։ Այն ինչ տեղի ունեցավ այսօր, և այն ինչ կարող է տեղի ունենալ վաղը ոչ մի լավ հեռանկար չի խոստանում։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:
Ըստ Բաբաջանյանի, այն անձը, ով մի պահ սպառնալից տոնով դիմեց ժողովրդին ու անհետացավ շենքի առջևից չի կարող լինել արցախցիների ներկայացուցիչը, կամ ներկայացնել արցախահայերին։
«Դադարեցրեք էդ ինֆանտիլ անմեղսունակ դավաճանին որպես նախագահ ներկայացնել՝ նա Բակո Սահակյանի զինվորն է, Բակո Սահակյանի համակարգողն էլ Սերժ Սարգսյանն է։
Շահրամանյանը չի դրվել Արցախի նախագահի պաշտոնին, որ ինքնագլուխ հայտարարություններ անի։ Նա այդ կարողությունը չունի: Շահրամանյանի գործունեության սցենարը պետք է մշակվեր Երևանում, իրագործվեր Արցախում։
Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և Արցախի պատասխանատու քաղաքական դերակատարները պետք է գան առաջին պլան։
Եթե որևէ մեկը ուզում է արցախցիների խնդրով որևէ դերակատարում ստանձնել պետք է հրապարակավ դատապարտի Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի Արցախում պաշտոնավարման ժամանակահատվածներում կազմակերպված թալանը, ապացուցի, որ որևէ կերպ այդ շրջանակի հետ կապված չէ և սկսի սերտ աշխատել արցախցիների խնդիրներով Հայաստանի կառավարության հետ։
Ես ճանաչում եմ այդպիսի ազնիվ արցախցի պաշտոնյաների, հուսամ այս օրհասական պահին նրանք կստանձնեն պատասխանատվություն, չեն լքի արցախցիներին»,- ասված է գրառման մեջ։
Ինչպես հայտնել ենք, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտից բողոքի ցույցի են դուրս եկել Երևանում՝ Արցախի ներկայացուցչության դիմաց: Նրանք պնդում են, որ ունեն բազմաթիվ խնդիրներ, հարցեր և ակնկալում են պատկան ներկայացուցիչներից դրանց պատասխանները:
Կարծիքներ