Հայկ Չոբանյանն այցելել է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերություն

Հայկ Չոբանյանն այցելել է «Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ» ընկերություն

Հ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 4-ին այցելել է Սիներջի Ինթերնեյշնլ Սիսթեմզ («Synergy International Systems») ընկերության հայաստանյան մասնաճյուղ։
Ընկերության հիմնադիր նախագահ Աշոտ Հովհաննիսյանի ուղեկցությամբ Հայկ Չոբանյանը շրջայց է կատարել գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին ու նախագծերին։

Ներկայացնելով իրենց գործունեությունը՝ Աշոտ Հովհաննիսյանը նշել է, որ ընկերությունն ունի 250-ից ավելի աշխատակից, որոնք 80-ից ավելի ծրագրեր են իրականացնում աշխարհի ավելի քան 300 երկրի համար։ Աշխատում են 70-ից ավելի երկրների կառավարությունների հետ։ Համագործակցում են նաև մասնավոր ընկերությունների ու միջազգային կազմակերպությունների հետ։


Բացի Երևանից, մասնաճյուղեր են գործում Արցախում, Գյումրիում, շուտով կբացվի նաև Վանաձորում։ Ընկերության հիմնադիր նախագահն ընդգծել է, որ միայն Արցախում 50 աշխատակից ունեն։

Շրջայցից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում։ Հստակեցվել են պետություն-մասնավոր հատված շրջանակներում համագործակցության մի շարք ուղղություններ և հնարավորություններ, որոնք կնպաստեն Հայաստանում գիտահեն տնտեսության և տեխնոարդյունաբերության զարգացմանը։

«Սիներջի ինթերնեյշնլ սիսթեմսը» գործում է շուրջ 24 տարի։ Գլխամասային գրասենյակը Վաշինգտոնում է։ Հայաստանյան մասնաճյուղը բացվել է 1997-ին։ Ընկերությունը մատուցում է ծրագրային ապահովման և խորհրդատվական ծառայություններ, մշակում է տվյալների կառավարման համակարգեր մոնիտորինգի, գնահատման, սոցիալական ապահովության, դատական, ֆինանսական, կրթական, առողջապահական և այլ ոլորտներում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում