ԿԸՀ է ներկայացվել պատգամավորի թեկնածուի ևս 5 ինքնաբացարկի դիմում

ԿԸՀ է ներկայացվել պատգամավորի թեկնածուի ևս 5 ինքնաբացարկի դիմում

Անցկացվել է ԿԸՀ-ի հերթական արտահերթ նիստը։ Հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների պատգամավորի թեկնածուներից ևս 5-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։

ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել Լուսավոր Հայաստան կուսակցությունից Աստղիկ Ավետիսյանի, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունից Հայկ Մելիք-Ադամյանի, Ստեփան Մանթարյանի և Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունից Լևոն Լևոնյանի գրանցումը։ Իսկ Զարթոնք ազգային քրիստոնեական կուսակցությունից Աստղիկ Ղազարյանի ինքնաբացարկի մասին ներկայացված դիմումը հանձնաժողովը մերժել է, քանի որ դիմում ներկայացնողը նիստին ներկա չի եղել և չի ներկայացրել նաև այդ մասին վկայող նոտարական վավերացում։

Տեղեկացնենք, որ պատգամավորի թեկնածուները ԿԸՀ ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը։

Օրակարգի մյուս հարցն էլ վերաբերել է քաղաքացի Էդգար Ֆերդինանդի Ղազարյանի դիմումին, որը հանձնաժողովի կողմից մերժվել է։ Դիմումի նպատակն էր, մերժել «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքով ներկայացած Ստյոպա Սաֆարյանի պատգամավորության գրանցումը, քանի որ նա, ըստ Էդգար Ղազարյանի, պաշտոնապես դեռ հանդիսանում է հանրային խորհրդի նախագահ։

«Ակնհայտ է, որ դիմումատու Ղազարյանը սույն դիմումը ներկայացնող իրավասու անձ չի հանդիսանում։ Վերոգրյալի հաշվառմամբ, հիմք ընդունելով ՀՀ ԸՕ 48-րդ հոդվածի 9-րդ մասը և ղեկավարվելով ՀՀ ԸՕ-ի 49 հոդվածի 1-ին մասի 4-րդ վավերությամբ, հանձնաժողովը որոշում է․ քաղաքացի Էդգար Ղազարյանի 03․06․2021-ի թիվ 17/48/76 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել, է, ապա որոշման ուժի մեջ մտնելու կարգն է հրապարակման պահից և բողոքարկման կարգը՝ վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում»,- հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում