Իլոն Մասկը հայտարարել է, որ կվաճառի Tesla-ի բաժնետոմսերը, եթե դա օգնի հաղթահարել համաշխարհային սովը

Իլոն Մասկը հայտարարել է, որ կվաճառի Tesla-ի բաժնետոմսերը, եթե դա օգնի հաղթահարել համաշխարհային սովը

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը պատրաստակամություն է հայտնել վաճառել իր Tesla ընկերության բաժնետոմսերը, եթե դա օգնի հաղթահարել աշխարհում սովի խնդիրը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ համապատասխան գրառումը նա տեղադրել է իր Twitter-ում՝  ի պատասխան ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեյվիդ Բիսլիի խոսքերի։

Ավելի վաղ Բիսլին շնորհավորել էր Մասկին այն բանի համար, որ նա մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում շրջանցել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին։ «Այս իրադարձությունը նշելու համար ես ձեզ կյանքում մեկ անգամ հնարավորություն եմ առաջարկում՝ օգնեք մեզ փրկել 42 միլիոն մարդու սովից ընդամենը 6,6 միլիարդ դոլարով», - ասել է ՊՀԾ ղեկավարը ձեռնարկատիրոջը։ Բիսլիի խոսքով՝ Մասկը ընդամենը մեկ օրում 6 մլրդ դոլար է վաստակել իր ընկերությունների բաժնետոմսերի աճից։ «Սա ճիշտ այնքան է, որքան մեզ անհրաժեշտ է աղետը կանխելու համար»,- ասել է նա։

Հուլիսի վերջին ՊՀԾ-ն և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO) հրապարակեցին զեկույց, որում ասվում էր, որ պարենային անվտանգության իրավիճակի վատթարացում կարող է տեղի ունենալ այս տարվա օգոստոսից մինչև նոյեմբեր աշխարհի 23 տարածաշրջաններում, որոնց թվում են 28 պետություններ: Խոսվել է Աֆղանստանի, Հայիթիի, Հյուսիսային Կորեայի, Կոլումբիայի, Մյանմայի, Նիգերիայի, Սիրիայի և Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ամերիկայի մի շարք այլ երկրների մասին։

Փաստաթղթի համաձայն՝ 2020 թվականին աշխարհում մոտ 155 միլիոն մարդ բախվել է պարենային անվտանգության սուր խնդրին, ինչը 20 միլիոնով ավելի է, քան 2019 թվականին։ Նշվել է, որ ավելի քան 41 միլիոն մարդ ներկայումս շտապ օգնության կարիք ունի։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում