Գեղանկարիչ Կարեն Օհանյանի «Սևան» շարքը կներկայացվի Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությանը, որը բացվելու է փետրվարի 5-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, առաջին անգամ ներկայացվելու է արվեստագետի՝ վերջին տարիներին ստեղծած կաևոր շարքերից մեկը:
Կարեն Օհանյանն անկախության շրջանի, հատկապես 2000-ականների ժամանակակից հայ կերպարվեստի այն գեղանկարիչներից է, որի ամեն մի նոր աշխատանք կամ նկարաշար քաղաքական, սոցիալական կամ զուտ արվեստային հստակ ասելիք ունի թե՛ արդիականության, թե՛ հրատապության տեսանկյունից:
Երեք կտավից բաղկացած «Սևան» շարքը ևս նման հավակնություններ է ներկայացնում։ Որոշակի ոճային աղերսներով կապված լինելով արվեստագետի վերջին քսան տարվա ընթացքում ստեղծած աշխատանքների հետ՝ այս գործերից յուրաքանչյուրն առանձնանում է Օհանյանի նախորդ ստեղծագործությունից։
«Նկարիչն իր կտավներով այսօր վերաիմաստավորում է գեղանկարը՝ համապատասխան այն վեկտորին, որ հատկապես զարգանում է վերջին տարիներին, այդ թվում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ազդեցությամբ: Այդ առումով արվեստագետի կտավները կարևորվում են հայկական կերպարվեստի շրջանակներից դուրս ևս, այդ թվում՝ արևմտյան գեղանկարչական ավանդույթի տեղական մեկնաբանության տեսանկյունից: Չնայած իր խորագրին, այս շարքը այնքան մեզ բոլորիս հայտնի լեռնային գեղեցկուհու մասին չէ, որքան ժամանակակից գեղանկարչության, դրա ավանդույթների և արդի հարցերի»,- ասվում է կենտրոնի տարածած հաղորդագրության տեքստում:
«Կարեն Օհանյան. Սևան» ցուցադրությունը գործելու է Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 2021 թվականի փետրվարի 5-ից մայիսի 23-ը: Այն ոչ միայն այցելուին ներկայացնում է հայ ժամանակակից ամենաարտառոց արվեստագետներից մեկին, այլև հնարավորություն է տալիս մտորելու ժամանակակից գեղանկարի մասին մեր նոր իրականության համատեքստում: Արդի տագնապալի դինամիկայում այս ցուցադրությունը չշտապելու և արվեստի հետ դանդաղ շփման մի կղզի է Կարեն Օհանյանի կտավ-լանդշաֆտների հետ երկխոսության մեջ:
Կարծիքներ