Արայիկ Հարությունյանն Արցախին ցուցաբերած աջակցության համար «Վաչագան Բարեպաշտ» մեդալ է հանձնել բարերար Ալեք Բաղդասարյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 7-ին ընդունել է բարերար, Հայ կրթական հիմնարկության հոգաբարձուների խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանին։
Զրուցակիցները քննարկել են Արցախի կրթության և սոցիալական ոլորտներում Հայ կրթական հիմնարկության կողմից տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր, մասնավորապես՝ Արցախի դպրոցներում ինժեներական մտքի զարգացման, դպրոցների տեխնիկական հագեցվածության, գույքով ապահովման և դպրոցաշինության հետ կապված նախագծերը:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության և Ալեք Բաղդասարյանի անձնական ներդրումը Արցախում կրթության ոլորտի զարգացման գործում՝ նշելով, որ այն արդեն իսկ դրական դերակատարություն է ունենում ուսումնական գործընթացի բարելավման վրա:
Նախագահ Հարությունյանը Արցախի Հանրապետությանը ցուցաբերած աջակցության համար բարերար Ալեք Բաղդասարյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալը՝ միաժամանակ հույս հայտնելով, որ նրա ակտիվ ու հայրենանվեր գործունեությունը շարունակական կլինի:
Հանդիպմանը մասնակցում էր Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանը:
Կարծիքներ