Ծեծկռտուք Երևանում. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է

Ծեծկռտուք Երևանում. բերման ենթարկվածներից մեկը Առաքել Մովսիսյանի որդին է

Այսօր՝ փետրվարի 5-ին, խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում գործող հայտնի «Ռոյալ» ակումբի մոտ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանում Ոստիկանության ծառայողները, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի՝ ժողովրդին հայտնի «կարմիր բերետները», նաև պարեկները։ 

Ոստիկանների կողմից նշված ակումբի մոտից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել մի խումբ երիտասարդներ։ 

Կայքի տեղեկություններով՝ այդ երիտասարդներն են Երևանի բնակիչներ 20-ամյա Միխայիլ Մանուկյանը, 32-ամյա Արարատ Մարտիրոսյանը, Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 32-ամյա Տիգրան Գևորգյանը, Արմավիրի մարզի բնակիչներ՝ 22-ամյա Դավիթ Մովսիսյանը և 23-ամյա Ազատ Վարդանյանը։

Վերջիներս կասկածվում են նշված հասցեում առաջացած վիճաբանության ժամանակ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մեջ. հայհոյանքներ են հնչեցրել միմյանց և փոխադարձ հարվածներ հասցրել։

Նշված անձինք նախապատրասված նյութերով Ոստիկանության կենտրոնական բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ 

Կռվի մասնակիցներից Դ. Մովսիսյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Շմայս» մականվամբ Առաքել Մովսիսյանի տղան է։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում