Առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող և կերպարանափոխված տղամարդը հայտնաբերվել է

Առանձնապես ծանր հանցագործության համար հետախուզվող և կերպարանափոխված տղամարդը հայտնաբերվել է

Օրեր առաջ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և Մեծամորի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները իրականացրել են հատուկ օպերացիա, որի արդյունքում հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող քաղաքացին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, թե որտեղ է գտնվում Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Հովհաննես Աֆրիկյանը, ով այս տարվա փետրվարի 1-ից հետախուզվում էր:

Ոստիկանները պարզել են, որ նա գտնվել է Կոտայքի մարզում: Մարտի 1-ին Ծաղկաձոր քաղաքի բնակիչ 33-ամյա Խաժակ Թովմասյանին պատկանող բենզալցակայանում հայտնաբերվել է կերպարանափոխված Աֆրիկյանը և բերման է ենթարկվել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2024-ի հունվարի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն և ոստիկանության Մեծամորի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մեծամոր քաղաքում անհայտ անձը դանակահարել է Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Գևորգյանին։ Պարզվել էր, որ ժամը 01։40-ի սահմաններում Գ․ Գևորգյանը Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի շենքերից մեկի դիմաց կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Անահիտ Կ․-ի ընկեր, ոմն Հովոյի հետ, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած սուր կտրող, ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Գ․ Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Արմավիր» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ ոմն Հովոն Հ․ Աֆրիկյանը, ով նույն օրը իր քրոջ ամուսնու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով եկել է Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասի նշված շենք, որտեղ նկատել է, որ իր ընկերուհու հետ զրուցում է Գ․ Գևորգյանը։ Մոտեցել է նրանց, ապա սկսել վիճաբանել, որի ժամանակ էլ գործի է դրել իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկան, ապա դեպքի վայրից դիմել է փախուստի։

Նույն օրը ոստիկանները հայտնաբերել են Աֆրիկյանի քրոջ ամուսնուն և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին: Դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ, օրեր անց Հ․ Աֆրիկյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում