ԱԻՆ-ը բաց է ցանկացած համագործակցության համար. Ֆելիքս Ցոլակյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Հայաստան ժամանելուց հետո սա դեսպանի առաջին ճանաչողական այցն է պետական կառույց:
ԱԻՆ-ը հայտնում է, որ նախարար Ցոլակյանը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և վստահություն հայտնել, որ արտակարգ իրավիճակների բնագավառում հետագա համագործակցությունը արդյունավետ կլինի:
Նիկոլաս Սխերմերսին, լինելով առաջին մշտական ներկայությամբ դեսպանը Հայաստանում, իր հերթին վստահեցրել է, որ փոխգործակցությունը նպաստավոր կլինի երկու երկրների համապաստախան կառույցների համար: Միաժամանակ, նա պատրաստակամություն է հայտնել անձամբ աջակցել հնարավոր ծրագրերի իրականացմանը:
Ֆելիքս Ցոլակյանը և Նիկոլաս Սխերմերսին զրուցել են համապատասխան կառույցների միջև մի շարք ծրագրերի խրախուսման, կրթական, տեխնիկական աջակցության հնարավորության, ինչպես նաև այս ոլորտում նորագույն տեխնիկական միջոցների կիրառման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակման շուրջ:
Հանդիպման ավարտին նախարար Ցոլակյանը հավաստիացրել է, որ ԱԻՆ-ը բաց է ցանկացած համագործակցության համար:
Կարծիքներ