ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ 2024» նոր նախաձեռնության մեկնարկի մասին

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ 2024» նոր նախաձեռնության մեկնարկի մասին

Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մարտի 25-31-ը կանցկացվի «Թատերական շաբաթ» ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

«Շաբաթվա ընթացքում, որն համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, նախատեսվում է իրականացնել տարաբնույթ կրթական և ճանաչողական ծրագրեր, այդ թվում՝ ցերեկային ինտերակտիվ ներկայացումներ, շրջայց թատրոններ, վարպետության դասեր, հանդիպում-զրույց դերասանների հետ, բացօթյա ներկայացումներ հասարակական վայրերում:

Նախաձեռնության նպատակն է թատերական կյանքը, թատրոնի հետնաբեմը, պատմությունն ու գործունեությունն իր ողջ ներկապնակով հասանելի դարձնել դպրոցահասակներին, մեծացնել հետաքրքրությունը թատերական արվեստի նկատմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ծրագրերին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ:

Նշվում է, որ նախաձեռնությունը կլինի շարունակական հաջորդ տարիների համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում