Անտառային ոլորտում շրջադարձային փոփոխություններ են նախատեսվում. Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը տեղեկացրել է՝ ամիսներ առաջ իր առաջարկով անժամանակ կասեցվել էր անտառային հողերի վարձակալության իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների անցկացումը, քանի դեռ չէին վերանայվել ու մշակվել գործուն ընթացակարգեր՝ պայմանավորված բնապահպանական, քաղաքաշինական և այլ առանցքային գործոններով։
Նախարարը հայտնել է՝ շրջակա միջավայրի նախարարությունը մշակել և գործադիրի քննարկմանն էր ներկայացրել ոլորտը կարգավորող օրենսդրական բարեփոխումների փաթեթ։
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2007 թ. մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը հաստատվել է սույն թվականի հոկտեմբերի 14-ի N 1702-Ն որոշմամբ, ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ։
«Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Որոշմամբ անտառային հողերի և անտառների օգտագործման տրամադրման վարձավճարները վերանայվել են՝ համապատասխանեցնելով գործող օրենսդրությանը։
Բացի այդ, վարձավճարները սահմանվել են ոչ թե ըստ մարզերի, այլ ըստ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնտեսություն» մասնաճյուղերի անտառպետությունների։
Անտառային հողերի օգտագործման համար սահմանվելու են հստակ չափորոշիչներ, որոնց բավարարելու դեպքում միայն տնտեսվարողը կարող է կնքել վարձակալության պայմանագիր։
Ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված քայլերը համակցված են լինելու խիստ հսկողության և վերահսկողության գործառույթով, որի ուժեղացման նպատակով այս պահին շրջակա միջավայրի նախարարությունում ընթացքի մեջ են մի շարք համալիր ծրագրեր»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:
Կարծիքներ