Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները
Ապրիլի 28-ին պաշտոնական այցով Դոհայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կատարի Պետության վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման Ալ Թանիի հետ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև զարգացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով ընդլայնել երկկողմ օրակարգը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան համահունչ է արաբական աշխարհի բոլոր երկրների հետ ՀՀ ինտենսիվ զարգացող փոխգործակցությանը։
Ընդգծվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022թ․ Կատարի Պետություն կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման և նմանօրինակ բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով հարաբերությունների ընդլայնմանը լրացուցիչ խթան հաղորդելու կարևորությունը։
Կարծիքներ