Ալիևյան «բնապահպան ակտիվիստները» փաստորեն ոչ մի խնդիր չգտան հանքերով լի ու կոռումպացված իրենց երկրում. Բեգլարյան

Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը անդրադարձել է ադրբեջանական կողմի կեղծ պնդումներին, որոնց պատճառով դեկտեմբերի 3-ին մի խումբ քաղաքացիական հագուստով անձինք փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Բեգլարյանը վստահեցնում է, որ ադրբեջանցիների կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներն Արցախում չկան։
Արցախի պետնախարարի խորհրդականը թեմային անդրադարձել է «Տելեգրամ»-ի իր ալիքում կատարած գրառմամբ։
««Ալիևյան «բնապահպանական ակտիվիստները» փաստորեն ոչ մի բնապահպանական խնդիր ու ճանապարհ չգտան խոշորագույն հանքեր ու կոռումպացված իշխանություններ ունեցող Ադրբեջանում, որ այդ հարցերը բարձրացնեն ու իրենց ճանապարհները փակեն:
Նրանց կողմից շահարկված բնապահպանական խնդիրները չկան Արցախում, քանի որ Արցախի Կաշենի հանքի պոչամբարը միջազգային լավագույն չափորոշիչներին է համապատասխանում, որը պարբերաբար անցնում է միջազգային մակարդակի փորձագիտական ստուգումներ։ Կաշենի հանքը գտնվում է ադրբեջանական ամենամոտիկ գյուղից՝ Ղափանլիից շուրջ 19 կմ հեռավորության վրա և շատ հեռու է նրանց ջրային ռեսուրսներից: Չեմ զարմանա, որ մեկ օր էլ ալիևյան «մարդու իրավունքների ակտիվիստները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ պահանջելով Ալիևից ազատ արձակել ադրբեջանցի քաղաքական բանտարկյալներին»,- գրել է Բեգլարյանը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 3-ին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները ավելի ուշ տվել են դրական արդյունք, Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով ընդերքի և բնապահպանական հարցերի վերաբերյալ ադրբեջանական շահարկումներին և հայտնելով, որ Արցախում պատշաճ կերպով վերահսկվում է ընդերքօգտագործողների գործունեությունը:
Կարծիքներ