«Նա մեր ընտրությունն է». Խաբարովսկում հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց՝ հաջակցություն կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի (տեսանյութեր)

«Նա մեր ընտրությունն է». Խաբարովսկում հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել փողոց՝ հաջակցություն կալանավորված նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի (տեսանյութեր)

ՌԴ Խաբարովսկ քաղաքի կենտրոնում այսօր վաղ առավոտից նոր չարտոնված հանրահավաք է սկսվել հաջակցություն Խաբարովսկի երկրամասի ղեկավար Սերգեյ Ֆուրգալի, որը կալանքի տակ է գտնվում հուլիսի 10-ից՝ սպանությունների կազմակերպման և գործարարների դեմ մահափորձերի մեղադրանքով, գրում է meduza.io-ն:

Հաղորդվում է, որ Լենինի կենտրոնական հրապարակում հավաքվել են հազարավոր մարդիկ: Ցուցարարները վանկարկում են «Արդար դատավարություն» և «Ֆուրգալը մեր ընտրությունն է»:

Ոստիկանությունը հսկում է իրավիճակը, սակայն չի խոչընդոտում հանրահավաքի անցկացմանը:

DVhab.ru-ի տվյալների համաձայն՝ քաղաքի կենտրոն են շարժվում նաև Խաբարովսկի երկրամասի այլ քաղաքներից ցուցարարներով լի մեքենաներ: 

Սերգեյ Ֆուրգալը ձերբակալվել է հուլիսի 9-ի առավոտյան, Խաբարովսկում իր տան մոտ: Նա մեղադրվում է գործարարների սպանությունների կազմակերպման և մահափորձերի համար, որոնք իրականացվել են 2004-2005 թվականներին: Ֆուրգալը չի ընդունում մեղադրանքը:

Ֆուրգալը դարձել է քրեական գործի մեջ ներգրավված առաջին մարդը համակարգային ընդդիմության նահանգապետերից, որոնք հաղթանակ են տարել Կրեմլի թեկնածուների նկատմամբ 2018 թվականի ընտրություններում:

Խաբարովսկում ցույցերը շարունակվում են արդեն մեկ շաբաթ, ամենազանգվածային ցույցն անցկացվել է հուլիսի 11-ին, որին, տարբեր գնահատականներով, մասնակցել է 10-12 հազար մարդ:

   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում