Հունգարիան 2-րդ անգամ փակում է սահմանը Covid-19-ի պատճառով
Հունգարիայի իշխանությունները փակում են երկրի սահմանները՝ զսպելու կորոնավիրուսի տարածումը։ Սեպտեմբերի 1-ից օտարերկրացիների մուտքը երկիր կարգելվի, հայտարարել է վարչապետի վարչակազմի ղեկավար Գերգեյ Գուլյաշը։
Սկզբնական շրջանում այդ սահմանափակումը մեկ ամիս կգործի, գրում է Deutsche Welle-ն։
Այսպիսով Հունգարիան դառնում է Եվրամիության առաջին երկիրը, որը կրկին փակել է սահմանները՝ հունիսին Շենգեն գոտու շրջանակում տեղաշարժի սահմանափակումների մեղմացումից հետո։
Ուկրաինան ևս մեկ ամսով փակել է մուտքը երկիր օտարերկրացիների համար։
Ըստ նոր կանոնների՝ Հունգարիայի քաղաքացիները կկարողանան մուտք գործել երկիր՝ կորոնավիրուսի 2 բացասական թեստ ներկայացնելով։ Հակառակ դեպքում, նրանք 14 օր կարանտինում կանցկացնեն։
Հունգարիային հաջողվել է բավականին արդյունավետ պայքարել համավարակի դեմ։ Երկրում ընդամենը վարակի 5511 դեպք է գրանցվել, 614 մարդ մահացել է։ Այնուամենայնիվ, վերջին օրերին վարակակիրների թիվն աճում է՝ նրանց մեծ մասը վարակվել է արտերկրում։
Կարծիքներ