Եթե հնագույն քարտեզներին անդրադառնանք, Ադրբեջանն այնտեղ ընդհանրապես չկա. Փաշինյան
Ադրբեջանի քաղաքականությունը հիմնված էր վրեժխնդրության և հայատյացության վրա թե՛ 2020 թվականի պատերազմից առաջ, թե՛ հիմա։ Այս մասին մայիսի 4-ին Պրահայի Անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հենց որ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել, Ադրբեջանը սկսել է ավելին պահանջել։
«Մենք Պրահայում որոշեցինք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Հայաստանը հավատարիմ է այս համաձայնագրերին։ Բայց հետո Ալիևը սկսեց խոսել պատմական քարտեզների մասին, որոնք, իբր, պետք է դառնան սահմանազատման հիմք, ինչպես նաև հայտարարեց, որ Երևանը հնագույն ադրբեջանական քաղաք է։ Բաքուն շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Սա խաղաղության ամենալուրջ խոչընդոտներից մեկն է։
Այս դեպքում կարելի է անդրադառնալ մ.թ.ա. ժամանակաշրջանի քարտեզներին։ Մենք վստահ ենք, որ այս քարտեզների վրա կգտնենք Հայաստանի տարածքը, և վստահ ենք նաև, որ դրանց վրա ոչ ոք չի կարող գտնել Ադրբեջանը»,- ընդգծել է Փաշինյանը։
Կարծիքներ