Այսօր արդեն ՍԴ-ում ճգնաժամ կա. Ռուբեն Մելիքյան. տեսանյութ
Այն, ինչ տեղի է ունեցել 2019-ի հունիսի 20-ից մինչ այսօր, սահմանադրական կարգի տապալման մի ամբողջ գործընթաց է՝ բազմաթիվ արարներով: Այս մասին ՍԴ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նրա խոսքով՝ այս վերջին արարը՝ ԱԺ-ի կողմից սահմանադրական փոփոխությունների որոշումը, ամենակոպիտն ու ամենաերևացողն էր: «Մենք տեսանք, որ հանրապետության վարչապետն իրեն վերապահում է օրենքներ մեկնաբանելու իրավունք և ի լուր աշխարհի իր ֆեյսբուքյան էջով հայտարարում է, թե այս պահին սա է գործում, նա է գործում»,-նշեց նա:
Մելիքյանը հայտարարեց՝ ՍԴ-ն այն ինստիտուտը եղավ, որն իր սկզբունքայնության, աշխատանքի շնորհիվ հնարավորություն տվեց ստանալ մի քանի հարցերի պատասխաններ.
«Այն բոլորիս հնարավորություն տվեց հասկանալ, թե մենք ում հետ գործ ունենք՝ արդյոք գործ ունե՞նք մարդկանց հետ, որոնք իրավական արժեքներ են կարևորում, թե՞ մարդկանց հետ, որոնք իրավական արժեքները պատրաստ են ոտնատակ տալ՝ քաղաքական նպատակահարմարության շահից ելնելով: Հնարավորություն տվեց հասկանալ՝ արդյոք մենք ունե՞նք հանրապետության գլուխ՝ նախագահ, թե՞ ունենք մարդ, որ գիշերվա կեսին պատրաստ է լինել «Արտուշ պապիկ»: Արդյոք ունե՞նք խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժ, թե՞ միայն մեկ ընդդիմադիր ուժ, իսկ մյուս ընդդիմադիր ուժին կարելի է համարել «Իմ քայլը» դաշինքի առանձին, ներքին ֆրակցիա»,-ասաց իրավապաշտպանը:
Վերջինս ընդգծեց՝ այսօր արդեն կա ՍԴ ճգնաժամ: «Այն, ինչի մասին նրանք խոսում են մեկ տարի, իրենց ձեռքով ստեղծեցին, որովհետև կա մի մոտեցում, համաձայն որի՝ 2 կամ 3 դատավոր այլևս դատավոր չէ, կա նաև մյուս մոտեցումը, որ դատավորները շարունակում են իրենց պաշտոնավարումն այն պարզ պատճառով, որ անփույթ են գտնվել ու ՍԴ մասին սահմանադրական օրենքը ժամանակին չեն փոխել: Կա նաև մոտեցում, որ այս փաստաթուղթն առհասարակ իրավական ուժ չունի, կա մոտեցում, որ իրավական ուժ ունի, բայց կիրառելի չէ»,-ասաց նա՝ նշելով, թե սա արդեն ճգնաժամ է նշանակում:
«Ես այն մոտեցման կողմնակիցն եմ՝ եթե անգամ համարում ենք, որ սահմանադրական փոփոխությունները թղթի կտոր չեն և իսկապես ուժի մեջ են մտել, այտեղ մենք լուրջ խնդիր ունենք կիրառության հետ, որովհետև մենք ունենք ՍԴ մասին օրենք, որտեղ շարունակում է գործել այն կանոնը, որին մենք ծանոթ ենք»,-նշեց նա:
Կարծիքներ