Ծովագյուղում կբարելավվի ջրամատակարարման համակարգը
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում այս տարվա ընթացքում կիրականացվեն խմելու ջրի մատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:
Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի տեղեկացմամբ՝ ծրագրի ընդհանուր նախնական արժեքը կազմում է 132 միլիոն 429 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 92 միլիոն 697 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 39 միլիոն 724 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը: Ծովագյուղի համայնքապետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնովին կբարելավվի համայնքի ջրամատակարարումը:
«Ջրամատակարարման հիմնախնդիրը համայնքում առկա է վաղուց, որը խոչընդոտում է բնակիչների կենսական խնդիրների լուծմանը: Խմելու ջրի ջրավազանները սնուցվում են Այծեմնասար և Բեթխեհեմ սարերից, սակայն չեն բավարարում բնակչությանը: Առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող արտաքին վնասված և հին մետաղական 6կմ երկարության, 150մմ տրամագծով խողովակաշարը փոխարինել նոր մետաղապլաստե 6կմ երկարության 160 մմ խողովակաշարով, ինչը հնարավորություն կընձեռի՝ կարգավորիչ ջրավազան ջրամատակարարումը ավելացնել ևս 3-4 ժամ տևողությամբ, որի շնորհիվ հնարավոր կլինի Բեթխեհեմ սարից սնուցվող ջրագծից նոր կառուցվող ջրագծով միացում կատարել Այծեմնասարից օգտվող ջրավազանին, որի շնորհիվ էլ Այծեմնասարից օգտվող բնակիչների համար կապահովի 5-6 ժամ տևողությամբ ջրամատակարարում:
Բացի դրանից՝ անհրաժեշտ է վերանորոգել Բեթխեհեմ կոչվող սարից սնուցվող 350 տոննա տարողությամբ անսարք ջրավազանը: Միաժամանակ անհրաժեշտ է կատարել Բեթխեհեմից սնուցվող ջրավազանից օգտվող բնակիչներին մատակարարվող ջրագծի ներքին ցանցի մետաղական խողովակների փոխարինում մետաղապլաստե խողովակներով` 4 կմ երկարությամբ, 75-40 մմ տրամագծով, քանի որ նախկին մետաղական խողովակները օգտագործման համար դարձել են ոչ պիտանի, իսկ ցանցում ահռելի են ջրի կորուստները: Ընդհանուր առմամբ, այս ծրագրով համայնքում կկառուցվի 10 կմ երկարության ջրատարի արտաքին ու ներքին ցանց: Ջրավազանների հարակից տարածքում անհրաժեշտ է կատարել ցանկապատի կառուցում: Ծրագրի շրջանակներում կկատարվի նաև ջրաչափիչ սարքերի տեղադրում: Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,- ներկայացրեց Ծովագյուղ համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանը:
Կարծիքներ