Գերմանիան հետամուտ է հավակնոտ ծրագրերի ու բարեփոխումների ճանապարհին Հայաստանին օգնելու հարցում. Սվենյա Շուլցե
Գերմանիան հետամուտ է հետայսու ևս օգնել Հայաստանին՝ հավակնոտ ծրագրերի, բարեփոխումների ճանապարհին: Հայկական և գերմանական կողմերը պայմանավորվել են ամրապնդել ու ընդլայնել զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը, բարձրացնել այն նոր մակարդակի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ համատեղ ասուլիսում:
Սվենյա Շուլցեն նշեց, որ մարտահրավերներով լի ժամանակներում մեծապես կարևորում են այն երկրների հետ համագործակցությունը, որոնք միտված են բարեփոխումներ իրականացնելու և նպատակաուղղված գնում են բարեփոխումների ճանապարհով: «Եվ Հայաստանն այդ երկրների շարքում է՝ մասնավորապես իր այն ձեռքբերումներով, որոնք գրանցվել են ժողովրդավարության, իրավական ոլորտի բարեփոխումների, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ոլորտներում: Հայ գործընկերների հետ պայմանավորվեցինք մինչև այժմ զարգացման քաղաքականության շուրջ ընթացած մեր համագործակցությունը բարձրացնել մեկ այլ՝ նոր մակարդակի վրա, որը ենթադրում է նաև ուղիղ միջկառավարական խորհրդակցություններ և բանակցություններ, որոնց շրջանակում կտրվեն անհրաժեշտ միջոցներն այն բոլոր ուղղությունների համար, որոնք պայմանավորվել ենք իրականացնել: Գերմանիան հետամուտ է Հայաստանին հետայսու ևս օգնել իր հավակնոտ ծրագրերի և բարեփոխումների ճանապարհին»,-ասաց նախարարը:
Շուլցեն փաստեց երկու երկրների երկար տարիների հաջող համագործակցության մասին՝ մասնավորապես, նշելով արդյունավետ համագործակցության վարչական բարեփոխումների ոլորտում, որն օրինակ թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին պետական ծառայություններից օգտվել ավելի արագ ու ավելի արդյունավետ կերպով:
«Այսօր ևս մեկ անգամ ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ խոսեցինք նոր, ավելի կարևոր ուղղությունների մասին, որտեղ կարող ենք ամրապնդել մեր երկկողմ զարգացման քաղաքականությունը»,-ասաց գերմանացի պաշտոնյան:
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց. «Քննարկվել են առաջին հերթին Գերմանիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության նոր ձևաչափերը, որոնք ընդգրկում են ոչ միայն արդեն հաստատված համագործակցության ոլորտները, այլ նաև՝ նոր ոլորտներ, որոնք երկուստեք հետաքրքրություն են ներկայացնում: Մենք առանձնացրել ենք դրանից ամենահետաքրքիրները, որոնցից են վերականգնվող էներգետիկան, արևային էներգետիկան, պարենային անվտանգության հետ կապված մարտահրավերները և այլն»:
Նա հայտնեց ՀՀ կառավարության ոգևորվածությունը՝ Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու առթիվ:
Անդրադառնալով GIZ, KFW-ի՝ Հայաստանում մշտական գրասենյակներ բացելու հարցին՝ Վահան Քերոբյանը հայտնեց՝ ՀՀ վարչապետը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն ամեն ինչ կանի, որ շատ կարճ ժամանակում այդ գրասենյակների իրավական ստատուսի հարցը լուծվի:
Կարծիքներ