Թուրքիայի և Եգիպտոսի միջև բարեկամության խումբ է ստեղծվել 8 տարվա դադարից հետո
Վերջին տարիներին խաթարված Թուրքիա-Եգիպտոս հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների իշխանությունների կողմից դրական ազդակներ են նկատվում:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Թուրքիայի խորհրդարանում (Մեջլիս) ընդունվել է Թուրքիայի մեջլիսի և Եգիպտոսի ներկայացուցիչների պալատի միջև միջխորհրդարանական բարեկամության խումբ ստեղծելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշվում է, որ Եգիպտոսի հետ բարեկամական խումբ ձևավորելու համար առաջարկը Մեջլիս էր ներկայացվել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կողմից:
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին: 2013թ. ի վեր Թուրքիայի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունները շարունակվում են գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով:
2021թ. մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթում նշել էր Եգիպտոսի հետ տարբեր խողովակներով բանակցություններ վարելու մասին: Իսկ ապրիլի 10-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և եգիպտացի իր գործընկերոջ Սամիհ Շյուքրյույի միջև հեռախոսազրույց էր տեղի ունեցել: Եգիպտոսը պատրաստակամություն էր հայտնել Թուրքիայի հետ միջազգային իրավունքի հիման վրա հարաբերություններ հաստատել, ինչպես նաև սկսել երկխոսություն, որից կշահեն երկու կողմերն էլ:
Օրեր անց Չավուշօղլուն, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների թեմային, ասել էր, որ Եգիպտոսի ղեկավարությունը Թուրքիայից պատվիրակություն է հրավիրել: Նրա փոխանցմամբ՝ թուրքական պատվիրակությունը Եգիպտոս կմեկնի մայիսի սկզբին, ավելի ուշ ինքը հանդիպում կունենա եգիպտացի իր գործընկերոջ՝ Սեմիհ Շյուքրյուի հետ, որի ընթացքում կքննարկեն արտակարգ և լիազոր դեսպանների նշանակումը և երկկողմ մի շարք հարցեր:
Կարծիքներ