Իսրայելի հարվածից Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահ է վիրավորվել

Իսրայելի հարվածից Լիբանանում ՄԱԿ-ի 2 խաղաղապահ է վիրավորվել

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների կենտրոնակայանի տարածքում գտնվող դիտաշտարակի վրա, որի հետևանքով 2 խաղաղապահ է վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով խաղաղապահ առաքելության աղբյուրին։

Նշվում է, որ իսրայելական տանկը հարվածներ է հասցրել Նաքուրա քաղաքում «երկնագույն սաղավարտների» դիրքերին, որոնցից մեկը վնասել է կենտրոնակայանի տարածքում գտնվող դիտաշտարակը, որտեղ վիրավորվել են երկու խաղաղապահները։Ըստ հրապարակման՝ Իսրայելի զինվորները նաև գրոհել են Ռաս Նաքուրայում ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերը՝ հարվածելով բունկերի մուտքին, որտեղ ապաստանել էին խաղաղապահները, վնասելով մեքենաները և հաղորդակցության համակարգերը։

Հոկտեմբերի 9-ին UNIFIL-ը հայտնել էր, որ իսրայելցի զինվորները «միտումնավոր կերպով կրակել են» մոնիթորինգ իրականացնող տեսախցիկներին և անջատել դրանք։ X-ում հրապարակված գրառման մեջ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը հիշեցրել են, որ խաղաղապահների վրա ցանկացած միտումնավոր հարձակում «միջազգային հումանիտար օրենքի և Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի կոպիտ խախտում է»։ Ավելի վաղ The Times of Israel-ը գրել էր, որ իսրայելական բանակը վտանգի է ենթարկում ՄԱԿ-ի խաղաղապահներին՝ Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շարժման ուժերի դեմ ցամաքային գործողության ժամանակ իր դիրքերը տեղակայելով ՄԱԿ-ի առաքելության հարևանությամբ։ Ինչպես թերթին հայտնել են առաքելության ներկայացուցիչները, Իսրայելը խնդրել է խաղաղապահներին վերադիրքավորվել, երբ սկսել է գործողությունը, սակայն մերժում է ստացել։

«Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայության պնդմամբ՝ Իսրայելի զինվորականների ջոկատը Մարուն Ար Ռաս բնակավայրի տարածքում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի խաղաղապահներին օգտագործել է որպես կենդանի վահան:

Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։    

Հետևեք մեզ նաև Տելեգրամում