Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արցախում  Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով

Արցախում  Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի  պաշտպանության բանակի կազմակվորման օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել են խաչերթով՝ առաջնորդությամբ հատուկ այդ առթիվ Արցախ բերված հայոց բանակի պահապան՝ Աշոտ Երկաթ թագավորի Սուրբ Խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 8-ին Արցախի բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո 2 րոպե տևողությամբ ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում մատուցվել է ոգեկոչման (հոգեհանգստյան) կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի նահատակների: Այնուհետև՝ եկեղեցու բակից, Արցախի պաշտոնատար անձանց, զինվորականների ու հարյուրավոր արցախցիների մասնակցությամբ մեկնարկել է խաչերթը՝ դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:

Քաղաքային հուշահամալիրում Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ կատարվել է հոգեհանգստյան պաշտոն և աղոթք՝ Արցախյան պատերազմի բոլոր նահատակների համար:

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի խոսքով՝ այս օրերին համախմբող պետք է լինի ոչ միայն հիշողությունը, այլ նաև վաղվա օրվա նկատմամբ հույսը:

«Այս օրերին, ապրելով Արցախում և Մայր հայրենիքում, տեսնում ենք, որ փոթորկալից է մեր հոգին և միտքը: Պետք է խաղաղեցնենք ու խաղաղ հոգով կարողանանք ապահովել վաղվա մեր խաղաղությունը՝ մեր մեջ ունենալով Աստծուն: Ուստի ապրելով այս օրերում՝ մեր համախմբվածությամբ՝ մեր մտքի մեջ պետք է լինի մեկ կարևոր նշանաբան՝ միաբանվել մի գաղափարի շուրջ, որը նպաստում է հայապահպանությանը»,-ասաց Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Խաչերթին մասնակցել են նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը, պատգամավորներ, արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, պետական պաշտոնյաններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում