Հայ լեռնադահուկորդները բրոնզե մեդալ են նվաճել առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային խաղերում
Իտալիայի Վալ Դի Զոլդո քաղաքում առաջին անգամ անցկացված Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնության լեռնադահուկային սպորտ մարզաձևում Հայաստանի համալսարանական թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու թիմային պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:
Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են եղել Գլեբ Մոսեսովը և Ժիրայր Առաքելյանը:
Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջին խաղերին մասնակցել են եվրոպական 16 պետությունների 27 համալսարանական թիմեր: Հայաստանի պատվիրակության մասնակցությանն աջակցել է նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը:
Առաջնության շրջանակում Հայաստանի թիմի նորեկ Գլեբ Մոսեսովն արծաթե մեդալ է նվաճել ոլորավայրէջք ձևում: Նշենք՝ Մոսեսովն ավելի վաղ միջազգային վարկանիշային մրցաշարի էր մասնակցել Ավստրիայի Լեոգանգ քաղաքում և երկու ոսկե մեդալ էր նվաճել՝ առաջ անցնելով 15 պետությունների շուրջ 90 մասնակիցներից։
Առաջին անգամ անցկացվող Եվրոպայի համալսարանների ձմեռային առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավարը եղել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ խոշոր մարզական միջոցառմանը Հայաստանի ներկայացուցիչների գրանցած արդյունքները բավականին գոհացնող են: Հովհաննես Գաբրիելյանն ընդգծել է՝ ձմեռային ձևերի զարգացման համար ուսանողական սպորտը շատ կարևոր է, և այս համատեքստում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի սերտ համագործակցությունը շատ կարևոր է:
Առաջնության ծրագրում ընդգրկված են եղել նաև սնոուբորդ և ձյան վոլեյբոլ մրցաձևերը: Հովհաննես Գաբրիելյանը հույս է հայտնել՝ հետագայում Հայաստանն ավելի մեծ պատվիրակությամբ կկարողանա մասնակցել առաջնությանն ու ներկայացուցիչներ կունենա նաև մյուս մրցաձևերում:
«Սա նաև լավ ստուգատես էր մեր ուսանող մարզիկների համար՝ 2025 թվականի հունվարին կայանալիք Ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերի համար»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանն ու տեղեկացրել՝ համաշխարհային ուսանողական խաղերը կանցկացվեն Իտալիայի Թուրին քաղաքում:
Կարծիքներ