Աշխատաժողով` միտված հայ-վրացական բժշկական թիմեր ստեղծելուն

Աշխատաժողով` միտված հայ-վրացական բժշկական թիմեր ստեղծելուն

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մասնակցել է «Ավելի ուժեղ միասին․ միջսահմանային արտակարգ իրավիճակների հակազդման համատեղ գործողություն Հայաստանի և Վրաստանի միջև» ծրագրի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովին, որին ներկա են եղել ԱՍԲ հասարակական կազմակերպության վրաստանյան գրասենյակի և հայաստանյան բյուրոյի, Առողջահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ինչպես նաև առողջապահության և արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակիցներ:

Ծրագրի նպատակն է բարձրացնել աղետների ռիսկերի կառավարման համակարգի մակարդակը՝ հատուկ ուշադրություն դարձնելով կարողությունների ընդլայնման և միջսահմանային համագործակցության մեխանիզմների ներդրման միջոցով Հայաստանի և Վրաստանի անհետաձգելի բժշկական օգնության հասանելիության մակարդակի բարձրացմանը:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են արագ արձագանքման թիմերի ստեղծման ուղղությամբ աշխատանքների կատարման գործողությունների պլանները:

«Այս նախագիծն ուղղված է խթանելու միջազգային բժշկական թիմերի, առողջապահական անձնակազմների մոբիլիզացիայի և արդյունավետ համակարգումը՝ նվազեցնելու մարդկային կորուստները և կանխելու աղետները: Այս ծանր շրջանում, երբ 2 երկրների առողջապահական համակարգերը լծված են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին, ծրագրի հիմնական նպատակը բժշկական խմբեր ստեղծելն է, որոնք, անհրաժեշտության դեպքում, կկարողանան այլ երկրներում նույն ծավալի ու որակի բժշկական օգնություն տրամադրել:

Համատեղ աշխատանքային խումբը կստեղծվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հենքի վրա, քանի որ այն բազմապրոֆիլ հիվանդանոց է` արդիականացված, զինված անհրաժեշտ սարքավորումներով»,- ասել է Լենա Նանուշյանը` մաղթելով միջսահմանային գործակցության ընդլայնմանն ու փոխգործակցությանն ուղղված արդյունավետ աշխատանք:   

Հետևեք մեզ նաև Տելեգրամում