Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին

Սանկտ Պետերբուրգում պայթյունից տուժածների թիվը հասել է 32-ի, սպանվել է հայտնի ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվը հասել է 32-ի: Դեպքի հետևանքով սպանվել է բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Օպերատիվ տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել է 32 մարդ, մեկ մարդ մահացել է», - նշված է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, 10 տուժածի վիճակը գնահատվում է ծանր, 16 հոգի միջին ծանրության վիճակում է, նրանց թվում Է 14-ամյա աղջիկ։ 5 տուժածների վիճակը բավարար է, նրանց օգնություն են ցույց տալիս ստացիոնար պայմաններում։ Մեկ այլ տուժած կին հրաժարվել է հոսպիտալացումից, նրան ամբուլատոր օգնություն է ցուցաբերվել։

Պայթյունը որոտացել է ապրիլի 2-ի երեկոյան՝ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Սթրիթֆուդ-բար №1» սրճարանում։

Պայթյունի զոհ է դարձել ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին, որը ստեղծագործական երեկո էր անցկացնում սրճարանում։

Պայթուցիկ սարքի հզորությունը համարժեք է եղել ավելի քան 200 գրամ տրոտիլի:

Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ ռումբը ռազմական թղթակցին է փոխանցել մի աղջիկ: Նա այն թաքցրել Է արձանիկի մեջ և նվիրել Վլադլեն Տատարսկիին (իսկական անունը՝ Մաքսիմ Ֆոմին): Վլադլեն Տատարսկին ծնունդով Դոնբասից Էր: 2020 թվականին տեղափոխվել Էր Մոսկվա և սկսել զբաղվել գրական գործունեությամբ:

Նա հրապարակել Է մի քանի ինքնակենսագրական գրքեր: Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո վերադարձել Էր Դոնբաս և մտել «Վոստոկ» գումարտակի շարքերը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում