Առողջապահության նախարարի տեղակալները այցելել են Թոքաբանության ազգային կենտրոն

Առողջապահության նախարարի տեղակալները այցելել են Թոքաբանության ազգային կենտրոն

Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այսօր ընդունել է առողջապահության նախարարի տեղակալներ Արմեն Նազարյանին և Արտակ Ջումայանին, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից:

 

 

Փոխնախարարները ծանոթացել են կենտրոնում մատուցվող բժշկական ծառայություններին, շենքային պայմաններին, շրջել բաժանմունքներում, քննարկել բուժօգնության հասանելիության և որակի վերաբերյալ հարցեր:

 

Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար, կենտրոնի փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը ներկայացրել է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ամբուլատոր-դիսպանսերային ծառայության զարգացումը` ուղղված տուբերկուլոզի պացիենտների հայտնաբերմանը, հասարակության բոլոր խմբերի համար բուժման հասանելիությանը:

 

Տնօրեն Արտակ Մանուկյանը կարևորել է կենտրոնի կողմից իրականացվող խորհրդատվական աջակցությունը մարզային տուբերկուլոզային կառույցներին:

 

Հանդիպման ընթացքում մասնագետները փոխնախարարներին են ներկայացրել տուբերկուլոզի արդյունավետ կառավարման նպատակով կիրառվող էլեկտրոնային տեղեկատվական գործիքները` eTB manager տվյալների բազան, տուբերկուլոզի ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից կիրառվող տուբերկուլոզի լաբորատոր տվյալների և հակատուբերկուլոզային դեղերի քանակականացման և կարիքների գնահատման բազաները. նպատակը` գնահատել այդ գործիքների ինտեգրումը «Արմեդ» էլեկտրոնային համակարգին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում