Զելենսկին ուղերձով դիմել է ազգին

Զելենսկին ուղերձով դիմել է ազգին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին, որում կոչ է արել խուճապի չմատնվել, այսպես կոչված, «ռուսական սպառնալիքի» մասին լուրերի կապակցությամբ:

«Պատերազմն ընթանում է արդեն 8-րդ տարին, հիմա խուճապի, իրավիճակի սրման, հնդկաձավարի ու լուցկի գնելու ժամանակը չէ»,- ասել է նա: Տեսահոլովակը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում։

Պետության ղեկավարը հայտարարել է, որ երկիրը պատերազմ չի ցանկանում, բայց «պատրաստ է պաշտպանության»։

«Անում ենք ամեն ինչ դիվանագիտական ճանապարհով լուծելու համար, անում ենք ամեն ինչ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար», – նշել է նախագահն ու հավելել, որ Ուկրաինան պատերազմ չի ցանկանում, բայց պետք է միշտ պատրաստ լինի դրան:

Նախագահը ուկրաինացիներին խորհուրդ է տվել «գլուխը սառը պահել»։

«Ոչ թե բղավել, որ ամեն ինչ կորել է, այլ իմանալ, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, և ամեն ինչ ընթանում է ըստ պլանի»,– հավելել է Զելենսկին:

Արևմտյան քաղաքական գործիչները վերջին ամիսներին պնդում են, թե Ռուսաստանն իբր զորքեր է կենտրոնացրել Ուկրաինայի հետ սահմանին։ Ինչպես նշել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, զինված ուժերը տեղափոխվում են պետության տարածքում, դա ոչ մեկին չի սպառնում և ոչ մեկին չպետք է անհանգստացնի: Մոսկվայում ընդգծել են, որ «ռուսական ագրեսիայի» մասին հայտարարություններն օգտագործվում են որպես պատրվակ սահմանամերձ շրջաններում ՆԱՏՕ-ի զորակազմի ավելացման համար:

Ինչպես ավելի վաղ նշել էր ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Հյուսիսատլանտյան դաշինքը մեծացնում է զենքի մատակարարումներն Ուկրաինա, որտեղ մեծացել է արևմտյան հրահանգիչների թիվը: Դիվանագետի կարծիքով՝ դա կարող է Կիևի իշխանություններին հրահրել «ռազմական արկածախնդրությունների», ինչն ուղղակի սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար։

ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, իր հերթին, վստահություն է հայտնել, որ Եվրոպայում լիարժեք ռազմական գործողություններն այժմ անհնար են, իսկ Ռուսաստանը չի պատրաստվում այլ պետությունների նկատմամբ որևէ ագրեսիվ գործողություն ձեռնարկել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում