Էրիկ Սաղաթելյանը՝ Սամբոյի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոն

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց Սամբոյի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվում է երեք տարիքային խմբերում՝ պատանիներ, երիտասարդներ, մեծեր:
Այս անգամ, ինչպես գրում է armsport.am-ը՝ մրցավայր էին ժամանել մարզիկներ Հին աշխարհամասի 24 երկրից: Սամբոյի միջազգային ֆեդերացիայի գործկոմի որոշմամբ Ռուսաստանի և Բելոռուսի մարզիկները հանդես են գալիս ոչ թե իրենց երկրների, այլ՝ Սամբոյի միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո՝ FIAS-1 և FIAS-2 պայմանական անուններով:
Մրցումների առաջին օրը մրցագորգերում պայքարեցին պատանիները:
Հայաստանի հավաքականի 4 մարզիկ արժանացան մեդալների:
Աղջնակների 47 կգ քաշային կարգում Աննա Այվազյանին բաժին հասավ բրոնզե մեդալ, տղաների 53 կգ քաշային Ռոբերտ Սիմոնյանը և 98 կգ քաշային Աղվան Պետրոսյանը գրավեցին երկրորդ տեղը, իսկ գերծանր քաշային Էրիկ Սաղաթելյանը հաղթեց բոլոր գոտեմարտերում և դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:
Վաղը կմրցեն երիտասարդները:
Կարծիքներ