Հայտնի է Maserati նոր սուպերմեքենայի հզորությունը
Maserati-ի նոր երեք լիտրանոց սեփական արտադրության բիտուրբոշարժիչը, որն առաջին անգամ ներկայացվում է MC20 սուպերմեքենայի վրա, կզարգացնի 550 ձիաուժ հզորություն, գրում է Motor-ը:
Ինչպես հայտնի է, Maserati-ում որոշել են հրաժարվել Ferrari-ի շարժիչների օգտագործումից եւ անցնել սեփական շարժիչներին: Automotive News Europe-ը տեղեկացել է նոր Maserati սուպերմեքենայի հզորության մասին՝ միջինշարժիչային MC20-ը կստանա իր ստեղծած երեք լիտրանոց V6 բիտուրբոշարժիչը՝ 550 ձիաուժ հզորությամբ: Հենց այդքան է զարգացնում Ferrari-ի 3,8 լիտրանոց V8 շարժիչը, որը տեղադրված է Maserati Levante GTS քրոսովերի վրա։ Նոր շարժիչը կհայտնվի ապրանքանիշի եւս երեք մոդելների`GranTurismo կուպեի եւ հաջորդ սերնդի GranCabrio կաբրիոլետի, ինչպես նաեւ նոր քրոսովերի վրա, որը Levante-ից մեկ աստիճան ցածր կլինի:
Քրոսովերի համար նոր բիտուրբոշարժիչի հզորությունը, ենթադրվում է, կնվազեցնեն 20 ձիաուժով: Նշվում է, որ V6-ն ամեն դեպքում կստանա հիբրիդային համակարգ, ընդ որում՝ էլեկտրաֆիկացման մի քանի աստիճաններ կլինեն՝ սովորական գեներատորից մինչեւ վարդակին միացող հիբրիդ։ Ի հավելումն՝ շարժիչը կարող է ստանալ, այսպես կոչված, տուրբուլենտ ռեակտիվ այրման համակարգ, ինչը բարելավում է վառելիքաօդային խառնուրդի այրման արդյունավետությունը եւ նվազեցնում է վնասակար արտանետումների քանակը:
Կարծիքներ